Բացել լրահոսը Փակել լրահոսը
107085624_631326797484584_6667683711420908968_n
A A
Հասարակություն

Դիմակը վերցրել, կեռաս են հյուրասիրել. կամավոր

Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ 1500 կամավորներ դիմակ, ձեռնոց եւ իրազեկման թերթիկներ են բաժանել հանրապետության տարբեր բնակավայրերում։

Լիլիթ Գեւորգյանը կամավորներից մեկն է, որը մոտ կես ամիս,  երեկոյան ժամերին  Երեւանի տարբեր թաղամասերում դիմակներ է  բաժանել։

«Մենք հասկանում ենք իրավիճակի լրջությունն ու բարդությունը, եւ մեծ պատասխանատվություն ենք զգում։ Կարծում ենք, որ կարող ենք օգնել մեր համաքաղաքացիներին ավելի հեշտ եւ արագ դուրս գալ այս իրավիճակից»,- ասում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորը։

Ըստ նրա՝ քաղաքացիները սիրով   վերցրել են դիմակները եւ  շնորհակալություն հայտնել տարբեր կերպ.

 «Դեպքեր են եղել, երբ մոտեցել ենք փողոցում առեւտուր անողների, եւ նրանք որպես շնորհակալություն   կեռաս են հյուրասիրել»։

Լիլիթը նաեւ դեպք հիշեց,երբ կամավորները  դիմակից բացի այլ աջակցություն են  ցուցաբերել

Դիմակներ բաժանելու ակցիայի  ժամանակ՝  ՀԿԽԸ-ի  Առաջին օգնության թիմը ականատես է լինում ավտովթարի։ Մինչ շտապ բուժօգնության թիմի հասնելը կամավորները առաջին օգնություն են ցուցաբերել թեթև վնասվածքներ ստացած ուղևորներին։

«Մեր թիմն անմիջապես արձագանքում է իրավիճակին՝ անջատելով մեքենաների շարժիչները՝ կանխելով վառելիքի արտահոսքը, առաջին օգնություն է ցուցաբերում, ինչպես նաև կանխում է վրդովված վարորդների վիճաբանությունը»,- պատմում է կամավորը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համավարակի օրերին մարդասիրական օգնություն է ցուցաբերում միայնակ տարեցներին, տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Նրանց տրամադրում է սննդի փաթեթներ եւ հիգիենայի պարագաներ։

Կարեն Հարությունյանը, որը ներգրավված է եղել  հանրակացարանաբնակ տարեցներին օգնություն ցուցաբերելու ծրագրում, ասում է՝  նրանցից շատերը  կամավորներին համարում է «ոչ ֆորմալ թոռնիկներ»:  

Կամավորը չի մոռանում տարեցների երախտիքի խոսքերը։