Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչ է պատասխանել ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանին (տեսանյութ)

 

Հայաստանի քննչական ծառայությունը մերժել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հանցագործության մասին հաղորդումը, որով պահանջում էր քրեական գործ հարուցել կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար։

ՀՔԾ-ն պատճառանել է՝  ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պաշտոնատար անձանց   հայտարարությունները չեն հակասել ԱՀԿ-ի պաշտոնական խորհրդատվական բնույթ կրող դիրքորոշմանը։

Պատճառաբանությունը չի  համոզել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին.

«Պայքարը տապալված է, հանցագործության մասին հաղորդումը ներկայացված է առավելագույնս հիմնավոր, ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ»։

Արթուր Ղազինյանը պնդում է՝ դեռեւս հունվարի վերջին եւ փետրվարին Հայաստանում եղել են կորոնավիրուսի  հաստատված վարակակիրներ եւ այդ մասին չի հայտարարվել՝  ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մարդկանց մասնակցությունը ապահովելու համար։ Ըստ նրա՝  ՀՔԾ –ն մերժելով՝ ըստ էության հիմնավորել է  իր կասկածները։

«Հետաքրքիր է, որ քննիչը  տեխնիկական առումով սահմանափակվել է բացատրություն վերցնելով միայն առողջապահության փոխնախարարից։ Այսինքն՝ մեկ հոգու հետ է զրուցել, ընդ որում այդ սուբյեկտը՝ ինքը, հանցակից եւ պատասխանատու է  առերեւույթ թաքցված եւ աղավաղված տեղեկատվության համար։ Քննիչը պետք է ձեռնարկեր համալիր միջոցառումներ նյութերի նախապատրաստման ընթացքում, վերցներ  բացատրություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից,  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից , Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենից եւ մնացած այլ սուբյեկտներից, որոնք տրամադրել են տեղեկատվություն այս ընթացքում կորոնավիրուսի տարածման ու վտանգների մասին»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը։

Նա հայտարարեց, որ այսօր ՀՔԾ նոր  հաղորդում  կներկայացնի հանցագործության մասին.  

 «ՀՔԾ-ից խնդրում եմ, որ ցուցաբերեն բացառապես իրավական մոտեցում։ Որովհետեւ քննիչի մերժելու այս որոշումը քաղաքական որոշում է»։

Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: