Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Քաղաքականություն

Միսկարյանը կողմ է, որ քննիչ հանձնաժողովը «մտնի» փակ պարետատուն

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը կողմ է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը՝ կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ․

«Չգիտեմ բուն մեղավորությունն ումն է, ով է հիմնական պատասխանատուն կամ ովքեր են, բայց ես գտնում եմ, որ այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը կա, ու ինչքան այդ հանձնաժողովը շուտ ստեղծվի ու այդ հարցը շուտ քննվի, այդքան լավ, որովհետև հետագայում ավելի սխալ քայլերի պատճառով ավելի մեծ խնդիրներ կարող ենք ունենալ»։ Առաջարկ ստանալու դեպքում Միսկարյանը պատրաստ է քննարկումների գնալ խորհրդարանականների հետ, աջակցել նրանց։

Մեր դիտարկմանը՝ սպասո՞ւմ է օբյեկտիվ քննություն այն պարագայոմ, երբ քննիչ հանձնաժողովում իշխող խմբակցությունը մեծամասնություն է լինելու, Միսկարյանն ասում է՝ այս փուլում այնքան պատասխանատվության մասին չէ խոսքը, ինչքան որ մոտեցումների հստակեցման, բարձրաձայնման, հնարավոր լուծումների առաջարկման, քննարկման․

«Պարետատունը փակ կառույց  է, որոշումներ կայացնում է անհասկանալի ձևով, պարզ չէ, թե ինչի վրա են հիմնվում, վստահ եմ՝ ունեն մասնագետներ, որոնք զբաղվում են, բայց քաղաքականությունը, որը մշակվում է, այս մասնագետները չէ, որ որոշում են։ Նրանք տալիս են տվյալներ, որը ուզում է քաղաքական խնդիրը ձևակերպող մարմինը»։

Ըստ Միսկարյանի՝ այստեղ մարտավարության սխալ կա, իսկ հանձնաժողովի ձևավորումը կնպաստի լուծումների այլ տարբերակների քննարկմանը, հանրայնացմանը։

Մեր դիտարկմանը, թե հանձնաժողովի կազմը սեպտեմբեր ամսին է հաստատվելու, արդյո՞ք հնարավոր լուծումների առումով ուշ չի լինի, Միսկարյանն ասաց․

«Եթե հավատանք այն թեզին, որ հնարավոր է աշնանը երկրորդ ալիք բարձրանա, ապա նույնիսկ եթե սեպտեմբերին էլ լինի,  ավելի լավ է, քան ընդհանրապես չլինի, կամ ավելի ուշ լինի»։

Միսկարյանի խոսքով՝ որպես քաղաքացի հենց սկզբից էլ դժգոհ է եղել Կառավարության և պարետատան որդեգրած մարտավարությունից․

«Երբ խիստ կարանտին էր հայտարարված, բայց հավանական դեպքերը բացահայտելու համար գրեթե ոչինչ չէր արվում, թեստ դեռ  չունեին, հետո, երբ թեստերը ստացան, կարանտինն էին թուլացրել, ես միշտ էլ դժգոհ եմ եղել ընտրած մարտավարությունից, որը պարետատունը որդեգրել է, ու որը պաշտպանել է վարչապետը»։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։