Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ սարգսյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով հերթական դատական նիստը։

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին։ Նշենք,որ նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրել էին պաշտպանները քանի որ իրենց պաշտպանյալները գտնվում են կորոնավիրուսով պայմանավորված ռիսկային խմբում։

Հավելենք, որ նախկինում ևս դատական նիստերը հետաձգվել են՝ համավարակով պայմանավորված։ Նիսստին գործով ամբաստանյալները ներկա չէին, Ներկա էին միայն պաշտպանները։

Դատավորի խոսքով՝ իր համար անթույլատրելի է համավարակով պայմանավորված անընդհատ դատական նիստերը հետաձգելը.

«Ըստ էության, մի քանի դատական նիստեր չեն կայացել՝ հաշվի առնելով պաշտպանների դիմումը՝ համավարակով պայմանավորված դատական նիստերի հետաձգելու հետ կապված։ Սակայն մի հանգամանք պետք է փաստենք, որ թեեւ սկզբնական փուլում է, եւ դատարանի համար ընդունելի էր, սակայն մյուս կողմից մենք ունենք նաեւ այլ իրավիճակ, օրենսդրության պահանջներ, գործի քննության ողջամտության պահանջը, դատարանի գործունեությունը արտակարգ ռեժիմի պայմաններում օրենսդրությամբ չի սահմանափակվում»,- ասաց դատավորը։

Դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճը, այդքան էլ փոքր չէ, ախտահանվում է, և կան պայմաններ սոցիալական հեռավորություն պահելու համար։ Դատավորը հայտարարեց նաև հետագա դատական նիստին կողմերի բացակայությունը համավարակով պայմանավորած անթույլատրելի է համարելու ու բացակայությունը դիտարկելու է անհարգելի։