Բացել լրահոսը Փակել լրահոսը
80284569_2681166025457843_2991934606954858937_o
A A
Պաշտոնական

Հոգեբանական աջակցություն՝ անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց

Կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն են առաջարկել` սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։ Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը։

Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծերի» հեռախոսահամարներն են` 060 625069 և 060 627070։ Նշենք, որ մարտի 16-ից հունիսի 22-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 11 120 զանգ Երևանից և բոլոր մարզերից, որից 70%-ը՝ սոցիալ-հոգեբանական աջակցության, 26%-ը՝ զուտ հոգեբանական աջակցության, և 4%-ը՝ տեղեկատվության տրամադրման հարցերով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` նաև շատ կարևոր է բուժաշխատողների առողջության, այդ թվում` հոգեկան առողջության պահպանումը, ինչը ոչ միայն նրանց անձնական, այլև ողջ հասարակության հոգածության գործն է։

Առաջնորդվելով դրանով` բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն և «Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ» ծառայություն:

Պետություն - հասարակական սեկտոր համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական և Հայկական բժշկական ասոցիացիաները կազմակերպում են`

  • Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ` 060 834777 հեռախոսահամարով,
  • Առցանց հոգեբանական օգնություն բժիշկներին և բոլոր բուժաշխատողներին` գրանցման համար զանգահարել  099-544777 հեռախոսահամարով:

Ե'վ բուժաշխատողները, և' Covid-19-ով դրական ախտորոշված բոլոր քաղաքացիները կարող են ստանալ`

  • հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցություն` 060834777 հեռախոսահամարով,
  • առցանց հոգեբանական օգնություն ամբողջ ծավալով` 099-544777 հեռախոսահամարով:

Արդեն իսկ շուրջ 70 շահառու օգտվել է ծառայություններից: