Բացել լրահոսը Փակել լրահոսը
1_yLjLhaGVkU8VhMV3sIzhMQ
A A
Պաշտոնական

Սովյալների թվի զանգվածային աճ կա աշխարհում․ Պարենի համաշխարհային ծրագիր

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այսօր հայտարարեց սովյալների թվի զանգվածային աճ աշխարհում, որոնց պլանավորում է օժանդակել, քանի որ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական ավերիչ ազդեցությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում միլիոնավոր մարդկանց մղում է դեպի պարենային անապահովություն:

 

ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին նշել է.- «Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծը հարուստ աշխարհից տեղափոխվում է դեպի աղքատ աշխարհ: Մինչև բժշկական պատվաստանյութ ունենալը սնունդը քաոսի դեմ լավագույն պատվաստանյութն է: Առանց դրա մենք հնարավոր է տեսնենք սոցիալական անկարգությունների և բողոքի ցույցերի աճ, միգրացիայի աճ, հակամարտությունների խորացում, ինչպես նաև համատարած թերսնուցում այն բնակչության շրջանում, որոնք նախկինում պաշտպանված էին սովից»:

 

Սովի աճող ալիքին զուգահեռ խնդիրները լուծելու նպատակով ՊՀԾ-ն իրականացնում է իր պատմության մեջ ամենամեծ մարդասիրական օգնությունը՝ աջակցություն ստացող մարդկանց թիվը հասցնելով մինչև 138 միլիոնի՝ 2019 թ.-ի ռեկորդային 97 միլիոնի փոխարեն: Սակայն անհրաժեշտ է կայուն ֆինանսավորում, որպեսզի հնարավոր լինի շտապ  աջակցել համաճարակի հետևանքով տուժած ամենախոցելի խմբերին, ինչպես նաև աջակցել  կառավարություններին և գործընկերներին, քանի որ նրանք զսպում են հիվանդության տարածումը և զբաղվում համաճարակի հետևանքների հաղթահարումով: 

ՊՀԾ-ի ավելի վաղ արված կանխատեսումներն այն մարդկանց թվաքանակի վերաբերյալ, ովքեր ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կհայտնվեն պարենային անապահովության մեջ, այժմ զտվել են և արտացոլում են իրական ժամանակում մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ սովյալների թիվն այն երկրներում, որտեղ գործում է ՊՀԾ-ն, մինչև տարեվերջ կարող է հասնել մինչև 270 միլիոնի, ինչը 82 տոկոսով գերազանցում է մինչհամաճարակային ցուցանիշը:

 

Այս ճգնաժամն ընթանում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհում սննդային անապահովության մեջ գտնվող մարդկանց թիվը վերջին չորս տարիների ընթացքում արդեն իսկ աճել էր գրեթե 70 տոկոսով՝ բարդացնելով կլիմայի փոփոխության, կոնֆլիկտների և սոցիալ-տնտեսական ցնցումների հետևանքներն աշխարհի այն շրջաններում, որոնք նախկինում կարողացել են խուսափել պարենային անապահովության խիստ բարձր մակարդակից:

 

«Այս աննախադեպ ճգնաժամն աննախադեպ պատասխան է պահանջում: Եթե մենք արագորեն և արդյունավետ չարձագանքենք այս վիրուսային սպառնալիքին, ապա արդյունքը չափվելու է մարդկային կորուստներով, և քաղցը զսպելու համար ջանքերն այլևս ապարդյուն կլինեն», - նշել է Բիզլին:

 

Սովի նոր դեմքը պահանջում է մասնագիտական արձագանքներ՝ մեծացնելով կանխիկ փոխանցումների օգտագործումը, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրերի վրա: Ըստ ՊՀԾ-ի նոր մոտեցման՝ աջակցությունը կտրամադրվի կանխիկ և վաուչերներով, որոնք քաղաքային համայնքներին հնարավորություն կտան բավարարել իրենց պարենի պահանջները տեղական շուկաներում` միաժամանակ խթանելով տնտեսությունը։

Կյանքեր փրկելու նպատակով օգնություն տրամադրելու շրջանակներում ՊՀԾ-ն իր յուրօրինակ աջակցությունը կտրամադրի նաև կառավարություններին՝ սոցիալական պաշտպանության և սննդի համակարգերին աջակցելու միջոցով, այսպիսով օգնելով և հզորացնելով խոցելի համայնքները։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր