Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ժամանակ տվեք ու կտեսնեք․ ԱՀ նախագահը՝ իր նշանակած կադրերի մասին (տեսանյութ)

Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի բանակը, մեր պաշտպանունակության և մարտունակության աստիճանը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունը։

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրի ապագան պայմանավորված է հենց բանակով, ծրագրավորված են մի շարք աշխատանքներ, ամեն օր, ամեն ժամ պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը և ամիսներ անց մենք լուրջ առաջընթաց ենք գրանցելու այդ ուղղությամբ»։

Հարությունյանն ասաց՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսել են նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ, ինչը, վստահեցրեց, գերակատարելու են․

«Ծրագրում նշել ենք 5000 աշխատատեղ, բայց շատ ավելի մեծ աշխատատեղեր է ստեղծվելու, և արդեն մի քանի ամիսների ընթացքում մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու, մանավանդ շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման բնագավառներում»։

Վստահեցրեց՝ բարձրանալու են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և այն լինելու է շարունակական։

Հարությունյանի խոսքով՝ իրենց ամենամեծ խնդիրը լինելու է ոռոգումը․

«Նշել ենք 40․000 հա, երբ ունենք մշակվող ընդամենը 80-90 հազար հա, և 4-5 տարվա մեջ 40․000-ը ոռոգման տակ դնելը ինչ-որ տեղ ֆանտաստիկայի ժանրից է, բայց արդեն իսկ սկսված է»։

Նախագահը պնդեց՝ Արցախում անմշակ հող չի լինելու, և սա ևս իրենց առաջնահերթությունների մեջ է։

Հարությունյանի ներկայացրած ծրագրի առաջնահերթությունների  մեջ է նաև բնակարանաշինությունը, ասում է՝ ամենահամեստ հաշվարկով տարեկան կառուցվելու է 1000 բնակարան։

Վստահեցրեց՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելուց զատ՝ լինելու է նաև որակական փոփոխություն։

Հունվարի մեկից առողջապահության ոլորտում գործելու է 100 տոկոս պետպատվեր, բարձրացվելու է նաև բուժաշխատողների աշխատավարձը,-հայտնեց ԱՀ նախագահը։

Ինչ վերաբերում է արդեն նշանակված կադրերին, Հարությունյանն ասաց՝ ժամանակ տվեք ու կտեսնեք, հորդորեց որևէ մեկի մեջ թշնամի չփնտրել և քննադատել կատարված աշխատանքը, ոչ թե անձնային հատկանիշները։

«Ես եմ ընտրում՝ ով կարող է ինձ օգնել, ով կարող է ինձ խորհուրդ տալ, դա հանրային քննարկման թեմա չէ, հանգիստ եղեք»,- ասաց նա։