Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (1)
A A
Քաղաքականություն

«Նախագահը դեռ 21 օր ունի…». Իրավաբանների կարծիքները՝ Արմեն Սարգսյանի դիրքորոշման վերաբերյալ

Իրավաբաններն անդրադառնում են այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված հաղորդագրությանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով չստորագրվելու մասին:
-------------------------------

ԱԺ պատգամավոր  Նազելի Բաղդասրյան

Նախագահի գրասենյակի տարածած վերջին հայտարարությունը շատերի մոտ տարընկալումների հիմք է հանդիսացել։ Հարկ եմ համարում պարզաբանել.
ԱԺ կողմից ընդունված օրենքները Նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ստորագրվում և հրապարակվում են, կամ նույն ժամկետում Նախագահը դիմում է ՍԴ՝ օրենքի Սահմանադրության համապատասխանությունը որոշելու համար։ Եթե այս երկու գործողությունից որևէ մեկը չի կատարվում, ապա Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը։
Այս պարագայում որևէ օրենքի հակասահմանադրականության հարց քննարկվել չի կարող։
Ֆեյսբուքի իր էջում գրառել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

------------------------------

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1) «Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու»։

2) Եթե անգամ ասի «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար։

3) Այդ 21 օրը նախագահի «անձեռնմխելի» սահմանադրական ժամկետն է – «տապալողները» պետք է սպասեն, և միայն 21 օր հետո է, որ ԱԺ նախագահը լիազորվելու է ստորագրել։

4) Քանի որ ենթադրյալ սպասողները «տապալողներն» են, ԱԺ նախագահին ստիպելու են (կամ էլ նա «ինքնաստիպվելու է») էսօր-վաղը ստորագրի։

5) «Մի էպիզոդ ավել, մի էպիզոդ պակաս – ինչ տարբերություն», – կասեք դուք։ Ես էլ կասեմ՝ 10 տարվա ու 15 տարվա միջև տարբերությունը ամենևին փոքր չէ։

6) Խե՜ղճ Յորիկ»։

-----------------------------------

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է.

«Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք 21-օրյա ժամկետում չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին: (ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մաս)

Ընդորում, որևէ հաղորդակցության միջոցով կամ այլ նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ կամ ժամկետի սղում, քանի որ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ: (ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մաս)

Հետևաբար ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է ստորագրել նախագահի կողմից չստորագրված օրենքը բացառապես այն դեպքում, երբ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը լրացել է և այն չի ստորագրվել: Առավել պարզ ասած.

1)Նախագահը դեռ 21 օր ունի`որոշելու`ստորագրում է օրենքը, թե ոչ:

2)Բացառապես 22-րդ օրն է ԱԺ նախագահը ստանում օրենք ստորագրելու լիազորություն, եթե իհարկե այն նախապես չի ստորագրվել նախագահի կողմից»: