Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 30.06.
A A
Սպորտ

Իտալիայի Ա սերիա, 29-րդ տուր. Ջիանլուիջի Բուֆոնի ռեկորդի սպասումով

Այսօր կմեկնարկի Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 29-րդ տուրը:

Բացման խաղում «Տորինոն» իր հարկի տակ կընդունի «Լացիոյին»: Թուրինի «ցուլերը» չնայած վտանգավոր գոտուց հեռու են գտնվում, սակայն դեռ լիովին չեն ապահովել իրենց տեղը հաջորդ մրցաշրջանում, ուստի պետք է դեռ մտածեն միավոների մասին: Հռոմի «Արծիվները» շարունակում են առաջնության առաջատար «Յուվենթուսի» հետապնդումը, այդ իսկ պատճառով սայթաքելու իրավունք չունեն: Միաժամանակ, այդ խաղում իրար հետ կմրցեն իտալացի երկու ռմբակուներ՝ Անդրեա Բելոտին ու Չիրո Իմոբիլեն: 

 

Թուրինյան գրանդը՝ «Յուվենթուսը», այսօր կհանդիպի «Ջենոայի» հետ, նրա իսկ հարկի տալ: «Տարեց տիկնոջ» երկրպագուներն անհամբեր սպասում են դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնի խաղադաշտում հայտնվելուն: Բանն այն է, որ եթե նա մասնակցի հանդօպմանը, ապա կանցկացնի իր թվով 648-րդ խաղը Ա սերիայում, ինչն առաջնության նոր ռեկորդ կլինի: Այժմ 42-ամյա դարպասապահն այդ ցուցանիշը կիսում է «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիի հետ:

Վաղը նախատեսված է 6 հանդիպում: Դրանցից առավել սկզբունքային է «Ինտեր» - «Բրեշիա» մրցակցությունը: Միլանյան ակումբը փորձում է խառնվել երկու առաջատարների՝ «Յուվենթուսի» և «Լացիոյի» չեմպիոնական մրցավազքին: Դրա համար պետք է հաղթել ու հաղթել: «Բրեշիան», հակառակը, ջանք ու եռանդ չի խնայում նախավերջին տեղից գոնե մեկ աստիճանով բարձրանալու համար: Թիմը վաղուց հաղթանակ չի տարել առաջնությունում, ավելին, սեփական դաշտում ավելի վատ է հանդես գալիս (7 միավոր), քան մրցակիցների հարկի տակ (11):

Հուլիսի 2-ին կկայանան երկու ուշագրավ հանդիպում: Նախ իրար հետ կհանդիպեն «Ատալանտան» ու «Նապոլին»: Բերգամոյի ֆուտբոլիստները վեջին յոթ խաղերում տարել են յոթ անընդմեջ հաղթանակ և արդեն ընդհուպ մոտեցել են առաջատար եռյակին: «Կապտա-սևերը» խփել են 80 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է 4-րդ տեղում գտնվող թիմի համար: 

«Նապոլին» չնայած նվաճել է երկրի գավաթն ու արդեն իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին, սակայն դեռ շանսեր ունի պայքարելու նաև չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Դրա համար առաջին հերթին հարկավոր է հաղթել անմիջական մրցակիցներին, որոնցից մեկը հենց «Ատալանտան» է:

Տուրը կավարտվի «Ռոմա» - «Ուդինեզե» խաղով: Հենրիխ Մխիթարյանի թիմը նույնպես պայքարում է չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղի համար, ուստի ամեն ինչ պետք է անի մրցակցին հաղթելու համար: «Ուդինեզեն» պայքարում է Ա սերիայում մնալու համար: Թիմը չնայած զբաղեցնում է 15-րդ տեղը, սակայն վտանգավոր գոտուց նրան բաժանում է ընդամենը երեք միավոր: