Բացել լրահոսը Փակել լրահոսը
6AA99600-2FB9-4CBF-9E12-64AB996F63BE
A A
Մշակույթ

Կյանքը թատրոնում՝ Պարետի որոշման համաձայն

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում  փորձ է, բայց  այն ամբողջովին տարբերվում է  նրանից, որը կլիներ մինչ արտակարգ դրության հայտարարումը։

Պարետի որոշմանը հետեւելով՝  յոթ հոգանոց խմբեր են կազմել եւ փորձեր անում այդպես։  Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ասում  է՝ կորանավիրուսն ազդել է թատրոնի գործունեության վրա եւ հետաձգել ծրագրերը։

Պրեմիերային էին պտրաստվում. հանդիսատեսին դատին պետք է հանձնեին  Նար- Դոսի «Մեր թաղը»  պատմվածքաշարի հիման վրա  բեմադրվող ներկայացումը։

Զուգահեռ երկրորդ՝ Ա. Վոլոդինի  « Կաստրուչչա կամ թագուհի Օլիվիայի օրագրերը» ներկայացմանն էին պատրաստվում։ Այն  բեմադրվելու էր  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  տրամադրած դրամաշնորհով։ Համավարակի  պատճառով փորձերը դադարեցվեցին։

Հյուրախաղեր էին նախատեսված Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում։

Էմին Թորոսյանն ասում է՝  դերասանական  կազմից երկուսը վարակվել են կորոնավիրուսով, բայց արդեն հաղթահարել են հիվանդությունը:

Համավարակը խանգարել, բայց չի դադարեցրել թատրոնի աշխատանքը։

«Մենք առաջինն էինք, որ օնլայն ներկայացում ցուցադրեցինք և ի ուրախություն մեզ՝ հայաստանյան մյուս թատրոններն էլ հետևեցին մեր օրինակին։ Հանդիսատեսի կողմից օնլայն ներկայացումները մեծ ոգևորությամբ ընդունվեցին։ Այս ամիսներին շուրջ 130 հազար դիտում ապահովեցինք, որը մեզ համար մեծ նվաճում էր»,- նշեց Էմին Թորոսյանը։  Նաեւ օնլայն հանդիպումներ են կազմակերպել՝ դերասանների եւ դպրոցականների հետ։

Էմին Թորոսյանը պատմում է, որ այս ժամանակահատվածն օգտագործել են նաեւ պրեմիերայի դեկորացիաների, հագուստների ստեղծման վրա։

«Մենք չենք հուսահատվում, քանի որ առաջիկայում կունենանք նոր և ավելի հետաքրքիր  ներկայացումեր եւ հյուրախաղեր։ Մեծ էմոցիայով ենք գալու թատրոն, որպեսզի մեր հանդիսատեսին էլ ավելի մոտիվացնենք դեպի թատրոն։ Պետք է վատի մեջ լավն էլ փնտրել. այս ամենը սթափության ազդակ էր, որպեսզի առավել ուշադիր և պատասխանատու լինենք  ինքներս մեր նկատմամբ, առհասարակ միջավայրի հանդեպ»,- ասում է թատրոնի տնօրենը։  Նա  վստահ է, որ կորոնավիրուսից հետո մշակույթը  նոր ծաղկուն շրջան է ապրելու. «Բնության օրենքն է այդպես. երաշտից հետո  այգին ավելի ծաղկուն ու պտղաբեր է լինում»։

Ի դեպ, այս ամիսներին թատրոնը եկամուտ չի ունեցել, բայց Երևանի քաղաքապետարանի միջոցներով ողջ անձնակազմի  աշխատավարձը ամբողջությամբ վճարվել է։