Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մինչ հեղափոխությունը ուժային կառույցները օգտագործվում էին իշխանական նպատակների համար. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Անվտանգության ոլորտի ժողովրդավարացման խնդիրները մշտապես պետք է ունենան նորովի հայացք, որովհետև Հայաստանում փոխվեց ամեն ինչ՝ մասնավորապես ուժային կառույցների գործունեություը»-, նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԵԱՀԿ-ի և Անվտանգության խորհրդի կազմակերպած վեբինարին։

«Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» թեմայով  քննարկման ընթացքում նա ընդգծել է խորհրդարանական հանձնաժողովների գործունեության կարևորությունը՝ որպես կապող օղակ հասարակության և գործադիրի միջև։

 «Մեր երկրում ուժային կառույցները միշտ սովոր են լինել փակ և հաշվետվողականության հարցում ունեն բացվելու բարդույթ։ Որպես կանոն աշխատում են փակ ռեժիմով, դրա համար դժվար է վերահսկողությունը։ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը հարթակ է հասարակության և խորհրդարանի համագործակցության, տարատեսակ խնդիրների լուծելու համար»,-ասաց նա։

Անդրանիկ  Քոչարյանի խոսքով առաջնային նախապայման է ուժայինների թափանցիկ աշխատանքը, որը պետք է իրականացվի միայն իրավական գործունեության շրջանակներում։ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի խնդիրներից է, ըստ նրա,  Զինված ուժերում մարդու իրավունքների պահպանումը, Էթիկական, բարեվարքային նորմերի հստակ սահմանումը, ոստիկանների իրավունքների պաշտպանությունը և այլն։

«Մինչ հեղափոխությունը ուժային կառույցները օգտագործվում էին իշխանական նպատակներին ծառայեցնելու համար։ Այսօր հասարակությունը լուծել է մի խնդիր, երբ փոխվել է այս կառույցների նկատմամբ ընկալումները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝  հատկանշական է ոստիկանության գործելաոճի փոփոխությունը, որը բերում է հասարակության տրամադրությունների փոփոխություն. «Այս կերպ ոստիկանական փշալարերը չօգտագործվելով՝ ուժային կառույցների ու հասարակության փոխհարաբերությունները ձևավորվում են խոսքի միջոցով»։

Նա անդրադարձավ  նաև  սահմանադրական փոփոխություններին.

«Ամեն ինչ պետք է իր անցած ուղիով գնահատել և կայացնել սահմանադրական իրավունքը։ Կարևորում ենք սահմանադրական բարեփոխումները, որոնք հնարավաորություն են տալիս վերանայել, ընդլայնել խորհրդարանական  վերահսկողության գործիքակազմը։ Մեր հանձնաժողովը ներկայացրել է սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթ, որը վերաբերում է ուժայինների վերահսկողությունը։ Բոլոր փոփոխությունները իրականացվում են պառլամենտի աննախադեպ լեգիտիմության պայմաններում»։

Ավելացնենք,  որ  «Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» վեբինարին մասնակցում էին  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԵԱՀԿ աշխատանքային խմբի ղեկավար Ինիդ Միլոն։