Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess korona
A A
Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը կտեղափոխվի 2021 թվական

Տղամարդկանց շախմատ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը, որը նախատեսված էր այս տարվա նոյեմբերին, հավանաբար կտեղափոխվի 2021 թվական: Այդ մասին հայտնել է շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը: 

«Մինչև սեպտեմբեր մենք նախատեսել ենք միայն առցանց մրցաշարեր: Դրանցից ամենագլխավորը շախմատի օլիմպիադան է, որը պետք է սկսվի կանանց խոշոր մրցաշարի ավարտից հետո: Օլիմպիադան այս տարի պետք է կայանար Խանտի-Մանսիյսկում և Մոսկվայում, սակայն մենք այն տեղափոխել ենք 2021 թվական: Այս տարի օլիմպիադան կանցկացնենք առցանց ձևաչափով: Վաղվանից սկսվում է թիմերի հայտավորման գործընթացը: Հույս ունենք, որ օլիմպիադային մասնակցելու ցանկություն կհայտնեն ՖԻԴԵ-ի անդամ 195 երկրները:

Օլիմպիադան մոտ մեկ ամիս կտևի: Դրանից հետո նախատեսել ենք տղամարդկանց շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանը: Այն կրկին կկայանա Եկատերինբուրգում, եթե, իհարկե, այդ քաղաքում նորմալ իրավիճակ լինի կապված կորոնավիրուսի հետ: Հակառակ դեպքում մրցաշարը կտեղափոխենք կամ ուրիշ քաղաք, կամ ուրիշ երկիր: Այդ իսկ պատճառով, աշխարհի չեմպիոնի կոչման եզրափակիչ մրցամարտը հավանաբար կտեղափոխենք 2021 թվական: Մենք մրցաշարերի կազմակերպիչների հետ արդեն համաձայնության եկել ենք այդ հարցերում, պարզապես այն դեռ պաշտոնական չէ: Քննարկում ենք բոլոր տարբերակները: Լիարժեք պատասխան ավելի ուշ կտանք», - ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Հիշեցնենք, որ աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման մրցամարտում միմյանց հետ կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու հավակնորդների այս տարվա մրցաշարի հաղթողը: Մարտին կայացած առաջին խաղաշրջանից հետո հավակնորդների մրցաշարը 4,5-ական միավորով գլխավորում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: