Բացել լրահոսը Փակել լրահոսը
46790_b
A A
Պաշտոնական

Արաբական մամուլն անդրադարձել է Արմեն Սարգսյանի հարցազրույցին

Արաբական ամենահեղինակավոր՝ 1875թ. հիմնադրված և օրական 1 մլն տպաքանակով լույս տեսնող «Ալ Ահրամ» (Եգիպտոս) օրաթերթում հունիսի 25-ին հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը լայն արձագանք է գտել արաբական աշխարհի այլ հայտնի լրատվամիջոցներում: Դրանցից ոմանք ոչ միայն անդրադարձել են հարցազրույցին, այլև՝ իրենք էլ վերատպել են այն, ևս մեկ անգամ բարձրաձայնելով Հայաստանի նախագահի խոսքը. «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա»:

«Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրված հարցազրույցը մասնավորապես արտատպվել է քրդական հեղինակավոր ANF (Firat News Agency) լրատվական գործակալությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ արտատպել է սիրիական հեղինակավոր «Ալազմենահ» պարբերականը:

Հիշեցնենք, որ հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես խոսել էր Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունը ճանաչելու կարևորության և ցեղասպանության դասերի մասին:

«Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների,-հարցազրույցում մասնավորապես ասել էր նախագահ Սարգսյանը: -Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանն՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով»: