Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

ՊԵԿ նախագահն այցելել է Հյուսիսային մաքսատուն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին և քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը:

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձևակերպումների  կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով : 

Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաև Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետևել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձևակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի,  բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից:

Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին:  

Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով:  Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր: 

Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:

Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով  իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը: 

Նշենք, որ կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։ 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին