Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԿԵՂԵՑԻ
A A
Հասարակություն

Կորոնավիրուսով վարակված քահանաներ չկան

Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերում չունենք  կորոնավիրուսով վարակված  քահանա, հոգեւոր սպասավոր չկա․ այս մասին տեղեկացրեց Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու  հոգեւոր հովիվ  Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։ Նա դժվարանում է նշել  կորոնավիրուային համավարակի պատճառով  չեղարկված արարողությունների  թիվը, քանի որ  նախորդ տարիների համեմատ այն նվազել  է նաեւ սփյուռքահայերի` Հայաստան գալ չկարողանալու պատճառով։

Մարդիկ գիտակցաբար հետաձգում են իրենց մեծաքանակ արարողությունները կամ փոքրաթիվ խմբով կազմակերպում։ Ըստ քահանայի՝  հոգեհանգստյան կարգը նույնպես արվում է փոքրաթիվ խմբով։

Թույլատրվում է իրականացնել հինգից յոթ հոգու մասնակցությամբ արարողություն՝ պահպանելով կանոնները։ 

Նորք֊ Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի համար այս իրավիճակում ամենացավալին այն է, որ Աստծո խոսքը արարողությունների ժամանակ չեն կարողանում հասցնել հավատացյալներին։

Պատարագներն ու ժամերգություններն շարունակվում են  դռնփակ անցկացվել։

«Կիրակի օրերին հոգևորականները վաղ առավոտյան են մատուցում պատարագը, որպեսզի  ժամը 9-ից  հետո արդեն եկեղեցին բաց լինի մարդկանց առանձին այցելությունների համար»,-ասում է նա։

Տեր Զաքարիան չի բացառում, որ եկեղեցի կարող է մտնել վարակակիր մարդ, սակայն համոզված է՝ «եթե վստահում ենք Աստծուն ոչ թե խոսքով, այլ մեր ամուր հավատով, ապա Աստծո տանը չպիտի վախենանք»։ 

«Եթե որևէ այլ հաստատությունում չենք վախենում վարակից, մտածում՝ այն ախտահանվում է և ապահով է, ապա գոնե գիտակցենք, որ եկեղեցում էլ խնկարկումների շնորհիվ բացիլները չեզոքանում են»,- ընդգծում  է հոգեւորականը։

Հայ առաքելական եկեղեցին եւս աջակցում է կորոնավիրուսի հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին․ «Ինչքան էլ ասեն եկեղեցին անջատ է պետությունից, միևնույնն է՝ փաստերը վկայում են, որ եկեղեցին մշտապես խնամող֊ծնող է պետության համար․ պետության խնդիրը եկեղեցու խնդիրն էլ է»։

Նա կարծում է՝  որ հաճախ թյուրըմբռնում կա պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին։

«Հնարավոր է լինեն դեպքեր՝ հակառակվելու պետական այրին, ով իբրև մարդ, ինչպես բոլորը, կարող է և սխալ որոշում ընդունել, շփոթվել, բայց մենք, որպես եղբայր, պարտավոր ենք և իրավունք ունենք խորհուրդ տալու։ Կլսեն, չեն լսի, արդեն այլ բան է»,- նշեց Տեր Զաքարիա քահանան։

Հոգևորականը  նույնպես մարդկանց հորդորում է  խստորեն հետեւել պարետատան ցուցումներին, պահպանել հեռավորությունը, որը, ըստ Տեր Զաքարիայի, ավելի ճիշտ է կոչել ոչ թե սոցիալական, այլ ֆիզիկական հեռավորություն։

«Այս իրադրությունը Աստծո կողմից նշան է, փորձության շրջան, քննություն։ Մարդկությունը շատ է ապականել աշխարհը, երբեմն նույնիսկ գիտակցաբար և վիճակն այն աստիճանի էր հասել, որ հատվել էր կարմիր գիծը։ Մարդը պետք է գիտակցի, որ ընդամենը մեկ բացիլի դեմն առնելուն ունակ չէ։ Պետական այրերին, ամբողջ մարդկությանը հոգևոր արթնության կոչ եմ անում․ եթե ուղղենք մեր ճանապարհները դեպի Աստված, միայն այդ դեպքում կհաղթենք համավարակի տեսքով այս փորձությունը»,- եզրափակեց նա։