Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աբրահամ Մանուկյան
A A
Պաշտոնական

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուզում եմ տեղեկացնել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Այսինքն դատարանը ՀԻՄՆԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ինչպես իրեն մեղսագրված հանցավոր արարքներին Ա․ Մանուկյանի հնարավոր առնչությունը, այնպես էլ կալանավորման հիմքերը։

Հիշեցնեմ կրկին, որ Ա․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գ․ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար»։