Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լոռվա_բնություն
A A
Պաշտոնական

Մարզպետը Սարչապետում էր

Հունիսի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սարչապետ խոշորացված համայնքում՝ հետևելու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով. այստեղ իրականացվող  շինարարական աշխատանքների ընթացքին: Սարչապետ համայնքն այս տարի 3 ծրագիր է ներկայացրել: 

Առաջին կանգառը Պետրովկա բնակավայրում էր: Այստեղ վերանորոգվում է հանդիսությունների սրահը: Ծրագրի մրցութային արժեքը 17.65 մլն դրամ է (կապալառու կազմակերպություն` «Մագ-էլեկտրոն» ՍՊԸ): Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 110 քառ. մետր շենքի և 25 քառ. մետր օժանդակ շինության վերանորոգում: Ծրագրի շահառու են բնակավայրի 64 տնային տնտեսություն` շուրջ 282 մարդ: Այցելության պահին կատարված էր աշխատանքների շուրջ  30 տոկոսը: Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակից և ինտենսիվությունից՝ նշելով, որ փոքր բնակավայրի համար հանդիսությունների սրահի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ համայնքային տարաբնույթ արարողությունների կազմակերպման համար տեղի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի սրահներ վարձակալել քաղաքային համայնքներում:

Նորաշեն բնակավայրում էլ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը (մրցութային արժեքը՝ 23.13 մլն դրամ, կապալառու կազմակերպություն՝ «Տրանսշին» ՍՊԸ): Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մշակույթի տան շուրջ 215 քառ. մետր մակերեսով դահլիճի վերանորոգում: Վերջինս կնպաստի պարի և մշակութային այլ խմբակների ստեղծմանը, ինչպես նաև հնարավորություն կտա հավուր պատշաճի անցկացնել միջոցառումները: Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 1550 մարդ: Աշխատանքներն այստեղ թեև շուրջ 1 ամիս առաջ են մեկնարկել, բայց ծրագրի մոտ 40 տոկոսը կատարված է արդեն: Անդրեյ Ղուկասյանը, հետևելով աշխատանքների ընթացքին և որակին, հույս հայտնեց, որ դրանց ավարտին՝ բնակավայրի մշակութային կյանքը կակտիվանա, կբացվեն նոր ստեղծագործական խմբակներ:

Համայնքի համար կարևորություն ներկայացնող ծրագրերից է նաև Սարչապետ և Նորաշեն բնակավայրերի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վերանորոգումը և շրջակա պուրակների բարեկարգումը: Ծրագրի մրցութային արժեքը 10.718 մլն դրամ է (1-ին չափաբաժին՝ 5մլն, 2-րդ չափաբաժին՝ 5.718 մլն դրամ, կապալառու կազմակերպություններն են համապատասխանաբար՝ «Մագ-էլեկտրոն» ՍՊԸ-ն և «Տրանսշին» ՍՊԸ-ն): Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Սարչապետ բնակավայրի շուրջ 161 քառ. մ և Նորաշեն բնակավայրի շուրջ 100 քառ. մ մակերեսներով հուշարձանների բարեկարգում: Ծրագրի շահառու է 2 բնակավայրի շուրջ 3700 բնակիչ:

Սարչապետ համայնքում ծրագիրը գրեթե ավարտական փուլում է, իսկ Նորաշենում կատարված է շուրջ 20 տոկոսը: Կարևոր է նաև, որ աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, ինչը համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում, երբ շատերը չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի, նաև զբաղվածության խնդիր է լուծում:

Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ սուբվենիցոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով նմանատիպ այցերը պարբերական բնույթ են կրելու.

«Շատ կարևոր է, որ ընթացքում ծագած խնդիրներին կարողանանք հենց սկզբում լուծում տալ, որպեսզի հետագայում դժվարությունների առաջ չկանգնենք: Աշխատանքները որակով են ընթանում. կարծում եմ, շինարարական կազմակերպությունները տարեցտարի հարմարվում եմ մեր կողմից առաջադրված պայմաններին և հասկանում, որ անորակ աշխատանքները պարզապես չեն ֆինանսավորվելու»,-ասաց մարզի ղեկավարը:  

Անդրադառնալով այս տարի մարզում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին(ներկայացված է 98 ծրագիր)՝ մարզպետը ընդգծեց, որ առավել շատ և մեծածավալ ծրագրեր իրականացնելու հնարավորություն հիմնականում ունեցել են խոշորացված համայնքները, ինչը ևս խոսում է այն մասին, որ համայնքների խոշորացման ծրագիրը լուրջ զարգացում կարող է ապահովել փոքր բնակավայրերի համար:

  

                                   

Մարզպետարանի  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին