Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Չեզոքացնել «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ի սաբոտաժը և պաշտպանել նրա աշխատողների իրավունքները․ «Սասնա ծռեր»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ռուսական «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ն (այսուհետև՝ նաև Ընկերություն) սկսել է իր աշխատողներին զանգվածաբար կրճատելու գործընթաց: Ընկերությունը մինչև 1000 աշխատողի կրճատելու վերաբերյալ իր այդ որոշումն օրեր առաջ պատճառաբանել էր գազի սակագինն իր ներկայացրած հայտի չափով չբավարարելու հանգամանքով:

Փաստերի համեմատությունը վկայում է այն մասին, որ իրականում Ընկերության հաստիքները գերուռճացված են կոռուպցիոն նպատակներով, ինչպես նաև կախյալ սոցիալական ռեսուրս ունենալու համար: Հակառակ պարագայում ինչպես կարող է Ընկերությունն անխափան աշխատել այդպիսի մեծածավալ կրճատումներից հետո: Ասվածը հիմնավորվում է նաև կրճատման ենթակա աշխատողների ահազանգով, ըստ որի՝ կրճատվում են կրթված և բանիմաց աշխատողները, մինչդեռ Ընկերության ղեկավարության հետ փոխկապված անձինք, հաճախ առանց համապատասխան կրթության, զբաղեցնում են բարձր պաշտոններ և չեն կրճատվում: Սակայն ներկայումս առաջնահերթ է ակնհայտորեն քաղաքական նպատակներով երկրում դժգոհություն և անկայունություն առաջացնելու համար Ընկերության աշխատողների զանգվածային կրճատումը, ինչպես նաև կրճատվող աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ընտանիքների ապրուստի խնդրի լուծումը:

Դրա համար գործող իշխանությունը պարտավոր է անհապաղ կերպով.

1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով՝ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով, ՀՀ օրենսդրության և Ընկերության հետ կնքված պայմանագրերին համապատասխան անհրաժեշտ տեղեկություններ պահանջել և ստանալ Ընկերությունից՝ նրա իրական ծախսերը պարզելու համար, այնուհետև ըստ այդմ ձեռնարկել Ընկերության գործունեության վերաբերյալ պայմանագրերի վերանայման քայլեր,

2) կրճատվող աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով պետության հաշվին/աջակցությամբ տրամադրել անվճար իրավաբանական օգնություն, ինչպես նաև հնարավոր միջոցներ ձեռնարկել նրանց այլ աշխատանքով ապահովելու կամ նվազագույն սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն»։