Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուզում են «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2019-ին պետական բյուջեում ամենաթերի կատարվածը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  կոռուպցիոն գումարների վերադարձն է, որն առաջին հերթին առնչություն ունի անվտանգության ոլորտի հետ: Այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովի ամբիոնից 2019 թվականի բյուջեի կատարողականի ընթացքում։

Այնուհետև վարչապետը անցում կատարեց «նախկին կոռուպցիոն համակարգի դեմ պայքարին»․ «Մենք ասում ենք, օրինակ՝ «ՁորաՀէկը» գողացել է Սերժ Սարգսյանի ընտանիքը, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Հիլթոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա սյուիթ» հյուրանոցը ձերն է, Հայաստանի լրատվական դաշտը սեփականատերերից ըստ էության զոռով խլել եք՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը, «Շանթ» հեռուստաընկերությունը, այլ հեռուստաընկերություններ»,-հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանի ընտանիքը ղեկավարել է ընտրությունների կեղծման համակարգը․

«Սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած էքզիտ փոլերով, վերջացրած կոնկրետ ընտրատեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելուց: Էն որ ասում էին՝ էսինչ ընտրատեղամասում ընտրակեղծիք է, բոլոր լրագրողներն ու դիտրոդները վազում էին այնտեղ, դա Սերժ Սարգսյանի ընտանիքի ծրագիրն ու պլանն է եղել, որ բոլորին կենտրոնացնեն մեկ տեղամասում, իսկ մյուսներում էդ ընթացքում շաղգամն իր գործն անում էր»,- նշեց վարչապետը:

Խոսելով իր և իր ընտանիքի մասին հնչող վերաբերյալ մեղադրանքներին, թե զբաղված են մաքսանենգությամբ, հայտարարեց, որ ուզում են իրենց կերպարը ստանալ վարչապետի ընտանիքից․

«Իրենք հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը, և քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն իրենց նման մի եղկելի կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց էդ նպատակը չի անցնի»,- հայտարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ճշմարտությունը փողի մեջ չէ: