Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ․ վարչապետը՝ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

Երրորդ Հանրապետության պատմության մեջ ցույց տվեք մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ 4-5, 5-6, հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին, թե փորձում են լռեցնել ընդդիմադիր լրատվամիջոցներին։ 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին համարում տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտորոնում՝ դիակ։ Մինչև հիմա էլ առեղծված է՝ ինչպես հենց այդ օրը, հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում»։

Վարչապետն ասաց, որ սխալ են արել, որ կորոնավիրուսի օրեին հենց ընդդիմադիրների, ՄԻՊ-ի  հորդորով խոսքի ազատության սահմանափակումները հանել են, մինչդեռ այդ խոսքի ազատությունը այսօր մարդկանց մղում է մահվան․

«Գարշահոտություն տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի Հայաստանում կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու»։

Վարչապետը վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ ՀՀ-ում կուսակցությունները, ՀԿ-ները, լրատվամիջոցները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ  նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն  ֆինանսավորեն ֆեյքերի գումարտակներ, դասակներ եւ այլ լրատվամիջոցների՝ ՀՀ ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար․

«Չհասկացա,  ինչո՞ւ կառավարությունը պետք է լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները պետք է չլինեն: Որտե՞ղ է դա գրված: Այս ամբիոնից  խոսում են ֆեյքերի մասին, այն մարդիկ, որոնք աշխատավարձերով գումարտակներ, դասակներ 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից»:

Փաշինյանը հայտարարեց՝ իրենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանեն ոմանցից, որովհետեւ ժողովրդավարությունը ամենաթողություն չէ․

«Ժողովրդավարությունը պատգամավորներն ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»,-հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև պնդումներին, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ «Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ։ Բա էտ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ։ Առավոտից իրիկուն ճամարտակում եք հակակշիռների, փոխզսպումների մասին, հակակշիռը, փոխզսպումը չորսակնանի հեծանիվա՞, թե՞ տրակտորա, բայց ստեղ կա ուրիշ պրոբլեմ՝ պետք է հասկանանք՝ այդ դատավորներն ովքեր են»։

Վարչապետը պնդեց՝ դատարանների նկատմամբ ապօրինի հսկողությունից հրաժարվել են, բայց դա չի նշանակում, որ հին ազդեցության համակարգերը պետք է գործեն․ «Մենք չենք ուզել և չենք ուզում խամաճիկային, հին համակարգը փոխարինել խամաճիկային նոր համակարգով։ Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան»։

Փաշինյանը անդրադարձավ նաև Մարուքյանի պնդումներին, թե ԲՀԿ-ն նիստը բոյկոտել է, իսկ քաղաքական մեծամասնությանը դա չի հետաքրքրում։ Պնդեց՝ այդ քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է․

«Այս ամբիոնից, երբ լուրջ դեմքով հերքվում է մի բան, որի մասին գիտեն ՀՀ բոլոր քաղաքացիները առանց բացառության, այսինքն՝ նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որևէ մեկի համար։ Իրանք այսօր այստեղ չեն նրա համար, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքեր մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այսօր Հայաստանում քաղաքական դաշտի բարեփոխումներ են տեղի ունենում․ «Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքները, այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, և ամենաշատը այդ ուժերի քննադատությունից ենք մենք նեղվում, որովհետև նրանք լավ են անում, որ քննադատում են»։