Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շատ հարցեր թողած՝ Կառավարությունը զբաղվում է ընդդիմությանը լռեցնելով․ Մարուքյան (տեսանյութ)

Խորհրդարանում քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականը։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իր ելույթում անդրադառնալով կառավարության վարած քաղաքականությանը, շեշտեց, թե շատ հարցեր թողած՝ Կառավարությունը զբաղվում է ընդդիմությանը լռեցնելով․

«Փոխանակ այնպես անի, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, այս իրավիճակում այնպիսի բաներ լինեն, որ մարդկանց կյանքը լավանա, իշխանությունը շրջվել և զբաղվում է ընդդիմախոսներով»։

Մարուքյանը նաև նշեց, որ տեղեկատվություն ունի, թե ՏՄՊՊՀ-ն զբաղված է թերթերով՝ նրանց ֆինանսավորման աղբյուրների բացահայտմամբ, գովազդներով․

«Քաղաքական մեծամասնությունը զբաղված է իր ժամանակին տված խոստումներով, որոնք որ չի կարողանում իրականացնել իրավական հստակ ճանապարհներով, իրականացնում է բոլոր եղած չափանիշների, ստանդարտների, նորմերի, էթիկայի, կանոնակարգերի, սահմանադրական ինստիտուտների միջև հակակշիռների, փոխզսպումների միջոցով»։

 Ըստ Մարուքյանի՝ իշխանությանը չի հետաքրքրում, որ ընդդիմադիրները բոյկոտում են, օրինակ, բյուջեի կատարողականի քննարկումը։

Անդրադառնալով բյուջեի կատարողականին՝ Մարուքյանը ընդգծեց․

«Ժողովուրդը հավաքել է փող, տնտեսական ակտիվություն է ցուցաբերել, փողը հավաքել, տվել է այս հրաշալի մարդկանց, այս մարդիկ այդ փողը չեն ծախսել։ Ունենք ծրագրեր, որ կատարումը զրո է, ունենք ծրագրեր, որ կատարումը 20 տոկոս է»։

Մարուքյանը շեշտեց, որ  բյուջեի կատարողականին դեմ են քվերակելու։

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախ նշեց, որ այս կատարողականին լավագույն գնահատականը տվել է հենց Էդմոն Մարուքյանը՝ ընդամենը մի քանի ամիս առաջ այն համարելով ոսկե տարի։

Լիլիթ Մակունցը հաստատեց Մարուքյանի այն պնդումը, թե իրենց հետաքրքիր չէ, որ ընդդիմությունը բոյկոտում է նիստերը․

«Ընդդիմության իրավունքն է բոյկոտել, ընդդիմության իրավունքն է մասնակից լինել Խորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին, քվեարկություններին, կամ՝ ոչ։ Ինչո՞ւ է բոյկոտում ԲՀԿ-ն։ Միգուցե որովհետև համաձայն չէ իրավական գործընթացներին, միգուցե որովհետև դրանով փորձում է «պատժել» քաղաքական մեծամասնությանը իրավապահներին լիարժեք գործը քննելու հնարավորություն տալու համար, միգուցե այլ պատճառով»։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը լռեցնելու վերաբերյալ Մարուքյանի պնդումներին, Մակունցը պատասխանեց․

«Եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում եք ընդդիմությանը լռեցնել, ուրեմն դուք առնվազն ազնիվ չեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հետ՝ իրավական պետություն կառուցելու վերաբերյալ ձեր ձևակերպումների առնչությամբ»։

Ընդդիմադիր թերթերին լռեցնելու մասին Մարուքյանի պնդումներին Մակունցը հակադարաձեց․

«Մամուլ կարդացեք, տեսեք՝ քանի տոկոսն է այնտեղ, որ քաղաքական մեծամասնությանը գովերգում է և քանի տոկոսն է, որ քննադատում է՝ ոչ թե փաստերի, այլ հորինված թեզերի հիման վրա, ընդ որում՝ լրագրողական էթիկայի խախտումներով, անձնական դաշտ տեղափոխվելով»։