Բացել լրահոսը Փակել լրահոսը
1D2FD5C9-17CB-4DB1-9DE4-FDBB78C60B29_w1023_r1_s
A A
Հասարակություն

Աշխարհին սկսում է մտահոգել կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Աշխարհին սկսում է մտահոգել կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը: Ապացույցներից մեկը Գերմանիայի Ռհեդա-Վիդենբրուք քաղաքի մսի կոմբինատում հարյուրավոր աշխատավորների վարակման փաստն է: Եվ այս երկրում սահամանփակումները մեղմելու գործընթաց սկսվելուց երկու շաբաթ անց երկու մարզերում վերսկսել են արգելքները:

Ինչպես Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի կառավարիչ Արմին Լաշեթն է ասում, նպատակը իրադրությունը մեղմելն է, թեստավորման աշխատանքներն ընդլայնելը ու պարզելը, թե արդյոք վարակն այստեղից չի տարածվել այլ հատվածներ:

Տեղի բնակիչները դժգոհում են, որ որոշ ազատություններ ստանալուց հետո նորից պիտի մեկուսացվեն, սակայն ասում են նաեւ, որ դրան վերաբերվում են ըմբռնումով` հանուն առողջության:

Մսի վերամշակման գործարաններում կորոնավիրուսի տարածման դեպքեր են գրանցվել նաեւ Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում ու Իսպանիայում: Եվ ինչպես փորձագետներն են ասում, այս գործարաններում առկա պայմաններն են նպաստում վիրուսի տարածմանը:

Նրանց խոսքերով, դրան նպաստում են մսի սառեցումը, ինչպես նաեւ աերոզոլային հեղուկ փոշին:

Մեծ Բրիտանիան շարունակում է սահմանափակումները կրճատելու գործընթացը: Սակայն այն շատերի կարծիքով կրում է մեծ վտանգ:

Ինչպես Լանքասթերի համալսարանի վիրուսաբան Մուհամեդ Մունիրն է ասում, մարդկանց 80-90 տոկոսը դեռեւս վարակված չեն եւ չունեն իրենց օրգանիզմում հակամարմիններ, որոնք կկարողանային պայքարել ընդդեմ վիրուսի: ‘’Ուրեմն, սոցիալական պահվածքի ամեն մի փոփոխություն այս մարդկանց կարող է դնել վարակվելու մեծ վտանգի տակ’’, ասում է նա:

Վերադառնալով Գերմանիայի Ռհեդա-Վիդենբուրգ քաղաք, ասենք, որ չնայած տեղի իշխանությունները հայտարարում են, թե վարակի տարածումն այստեղ զսպման փուլում է, Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ փուլը ցույց է տալիս ծնվելու նշաններ: