«Չգրանցված աշխատողների խնդիրը աշխատանքային օրենսգիրքը չի, որ պիտի լուծի». քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ամեն աշխատանքի կարգավորման խնդիր չէ, որ պետք է լուծի աշխատանքային օրենսգիրքը»,- կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, որը կողմ է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։
Այս օրերին քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացրած հայեցակարգը, որի ընդունումը հնարավորություն կտա հետագայում ամբողջապես փոփոխել նաև Աշխատանքային օրենսգիրքը։
Օրենսգիրքը արմատական փոփոխության է ենթարկվել երկու անգամ՝ 2010 և 2015 թվականներին։
«Հայեցակարգի փոփոխումը կապված է երեք հիմնական խմբի հետ ՝ միջազգային պարտավորությունների կատարում, տեխնիկական թերությունների վերացում և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումներ։ Որպես օրինակ՝ օրենսգրքում կիրառվող հաշմանդամ բառը փոխարինում ենք հաշմանդամություն ունեցող անձի հետ տերմինով»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով ՝ չգրանցված աշխատողների մեծ մասը տեղյակ չի, որ ունի իրավունքներ և այս հայեցակարգում չի նշվում կամ չի ցուցադրվում պետության կողմից այդ մասով կատարվելիք պարտավորությունը։
Հակադարձելով Հայկ Մարտիրոսյանին՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նախագիծը միտված է փոփոխել կամ կարգավորել այն օրենքները, որոնք կամ ժամանակային առումով հնանում են կամ թերանում։ Այս փոփոխությունները չի կարելի համարել արմատական։
«Մայր օրենքով սահմանվում է աշխատանքի ազատության իրավունքը՝ ոչ աշխատանքի իրավունքը։ Պետք է փաստել, որ իրավունքի պաշտպանության տեսանկյունից խնդիր ունենք միայն չգրանցված աշխատողների դեպքում»,- նշեց նա։
«Չգրանցված աշխատողների իրավունքները օրենսգրքի խնդիրը չէ։ Հիմնական խնդիրը չգրանցված աշխատողների՝ աշխատող լինելու դատավարական կամ ապացուցման խնդիրն է»,- նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։
Մեր երկրում թե գրանցված, թե չգրանցված աշխատողների դեպքում իրավունքը վերականգնելու միակ տարբերակը դատարան դիմելն է։