Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Տաթև Աբրահամյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի մրցաշարի եզրափակչին

Ավարտվեց շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող կանանց կայծակնային շախմատի առցանց մրցաշարի որակավորման փուլը:

Հայաստանի շախմատիստուհիներին չհաջողվեց հաղթահարել առաջին արգելքը և մտնել եզրափակիչ փուլ: Կայացած վեց մրցաշարերում մերոնք այդպես էլ չկարողացան մտնել լավագույն ությակ և շարունակել պայքարը 12 ուղեգրերի համար:

Վերջին, 6-րդ փուլին մասնակցած Էլինա Դանիելյանը, 21 հնարավորից վաստակելով 13 միավոր, զբաղեցրել է 25-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը 9-ական միավորով բաժանել են 121-132-րդ տեղերը:

Այս փուլում գերազանց է հանդես եկել ԱՄՆ ներկայացնող Տաթև Աբրահամյանը: Մեր հայրենակիցը շրջանաձև մրցաշարում վաստակել է 14,5 միավոր և մտել փլեյ-օֆֆ: Այստեղ նա իրար ետևից հաղթելով ռուսաստանցի Դարիա Վոյտին ու վիետնամցի Թի Բաո Տրամին, նվաճել է վերջին երկու ուղեգրերից մեկը:

Այսօր կմեկնարկի եզրափակիչ փուլը, որը կանցկացվի չորս փուլով: Տաթև Աբրահամյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ: 

 

Կողմերը նախ կանցկացնեն 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով երկու պարտիա, ապա 3+1 և 1+1 տարբերակներով: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի «Արմագեդոնում»:

 

Տաթև Աբրահամյանը հաջողության դեպքում քառորդ եզրափակիչում կմրցի Յու Վենյուն – Բիբիսարա Ասաուբաևա զույգի հաղթողի հետ: