Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Ինչպես երեխան այլ հայր ունեցավ համաներումից մի քանի օր առաջ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնում՝ Երևանի բնակիչ Ա.Վ.-ի կողմից առերևույթ սուտ տեղեկություններ հաղորդելով հայրության ճանաչման ակտ գրանցելու և այդ կապակցությամբ կազմված կեղծ ակտը հետագայում դատարան ներկայացնելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով 2018թ. հունիսի 18-ին Ա.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը)  2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2018թ. հոկտեմբերի 4-ին Ա.Վ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել, իսկ հաջորդ օրը վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով: 2018թ. դեկտեմբերի 13-ին Ա.Վ.-ի և նրա հանցակցի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: 

Ա.Վ.-ի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերով հաստատվել է, որ նա ունի մինչև 3 տարեկան երեխա, որի հիման վրա՝ ընդունվել է համաներման մասին օրենք, համաձայն որի՝ «պատժից ազատվում են առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք»: Նույն օրը որոշում է կայացվել Ա.Վ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ միջոցառումների, ինչպես նաև կատարված դատագենետիկական փորձաքննություններով պարզվել է, որ համաներում հայտարարելու մասին օրենքը ուժի մեջ մտնելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնում ստացվել է ամբաստանյալ Ա.Վ.-ի և վկա Ի.Դ.-ի՝ ծնողների համատեղ երեխայի հայրության որոշման մասին դիմումը, որով վերջիններս, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) սահմանված պատասխանատվության մասին, հայտնել են սուտ տեղեկություններ, թե իբրև Ա.Վ.-ն հանդիսանում է  հիշյալ երեխայի հայրը: Նույն օրը երեխային տրվել է նոր ծննդյան վկայական, որում երեխայի հայր նախկինում նշված անունը փոփոխվել է և որպես երեխայի հայր է գրանցվել Ա.Վ.-ն: Այնուհետև ծննդյան գրանցման փոփոխված ակտը ներկայացվել է դատարան և Ա.Վ.-ի նկատմամբ կայացվել է պատասխանատվությունից ազատելու մասին վերը նշված դատական ակտը:

Որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ և 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և քրեական գործը միացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող մեկ այլ գործի, որով արդեն իսկ Ա.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձ կազմակերպելը) 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգում կազմակերպելը) 1-ին մասով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտ կազմակերպելը) 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին