Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ Խաչատուրովի պաշտպանը բացակայում էր (տեսանյութ)

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2008 թվականին Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստը։

Իր ելույթում դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ տեղի ունեցած դատական նիստերին դատարանը քննարկել է առավելապես ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ մի քանի դեպքերում ամբաստանյալներ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու կամ փոփոխելու միջնորդություններ, դատավոր Աննա Դանիբեկյանի բացարկի միջնորդություններ, քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ։

«Ներկայացված միջնորդությունների քանակական ցուցանիշն արդեն իսկ վկայում է, որ այդ դատավարական հնարավորությունը բազմիցս չարաշահվել է։ Ակնհայտ է ոչ միայն դատավարական նիստերի քանակից, որոնք փաստացի տապալվել են այդ միջնորդությունների քննարկմամբ, այլև դրանք ներկայացնելու տակտիկական մոտեցումներից։ Այսպես․ բացի այն, որ պաշտպանության կողմը համանման փոխկապակցված միջնորդությունները ներկայացրել է տարանջատված, օրինակ՝ դատական նիստերից մեկում ներկայացնելով խափանման միջոցը վերացնելու, իսկ հաջորդ դատական նիստին այն փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, այդ միջնորդությունները որպես կանոն կրկնվել են՝ դրանցում ապահովելով չնչին տարբերություն»,- ընդգծեց դատախազը։

Ըստ Բաղդասարյանի՝ պաշտպանական կողմի նպատակը եղել է դատաքննության ենթափուլ անցնելն ու դատարանում ապացույցների հետազոտումը բացառելը։ Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին ճանաչել այս գործով ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանակել դատական նիստի նախապատրաստական մասում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, անցել դատաքննության՝ հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նիստը նախագահող Աննա Դանիբեկյանն ասաց, որ հնարավոր չէ այսօր քննարկել այս միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ դատական նիստին ներկա չէ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «Հաշվի առնելով, որ միջնորդությունում բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք հնարավոր չէ քննարկել պաշտպանի բացակայությամբ, դատարանը կքննարկի միջնորդությունը Յուրի Խաչատուրովի պաշտպանի մասնակցության պայմաններում»,- նշեց դատավորը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդությամբ խնդրեց դատավորին առկա իրավիճակում նիստի անցկացման առավել նպաստավոր պայմաններ ապահովել։ Այս միջնորդության կապակցությամբ ևս Դանիբեկյանը կարևորեց Խաչատորվի փաստաբանի մասնակցությունը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 13։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում