Բացել լրահոսը Փակել լրահոսը
AEFBAB33-A6B7-4C89-9D06-65F66EF70338_w1023_r1_s
A A
Հասարակություն

Գերմանիայի հյուսիսում համաճարակի նոր օջախ է արձանագրվել

Ամերիկայի Ձայն

Մսամթերքի արտադրության գերմանական Toennies ընկերությունը վերապրում է դժվար օրեր: Գերմանիայի  Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա երկրամասի ղեկավար Արմին Լասչեթը ևս միացավ ընկերության հասցեին հնչեցվող մեղադրանքներին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ

Հյուսիսային Ռայն Վեստֆալիայի նահանգային իշխանությունները շուրջ 6,500 աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ստիպել են անցնել կարանտինին այն բանից հետո, երբ գերմանական մսամթերքի վերամշակման ընկերության ավելի քան 1000 աշխատակիցների մոտ արձանագրվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան: Այժմ առկա է մտահոգություն, որ ամբողջ շրջանը կարող է կրկին փակվել:

Այս նոր զարգացումները, չնայած համեմատաբար տեղայնացված բնույթին, սպառնում են Գերմանիայի վերաբացման ռազմավարությանը: Չնայած կանցլեր Անգելա Մերկելի դաշնային կառավարությունը փորձում էր ավելի երկար պահպանել սահմանափակումները, տեղական իշխանությունների ճնշումը հանգեցրեց խանութների և բարերի մեծ մասի վերաբացմանը՝ սոցիալական հեռավորության պահպանմամբ: Լասչեթը, ով Գերմանիայի խոշորագույն երկրամասի ղեկավարն է, վերաբացման ամենաառաջնային կողմնակիցներից էր:

Չնայած նրան, որ կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման առումով գերմանական փորձը Եվրոպայի ամենահաջողվածներից մեկն է, Գերմանիայի սպանդանոցներում արձանագրվում են վիրուսի կրկնվող բռնկման դեպքեր: Այստեղի աշխատակիցների զգալի մասը ներգաղթյալներ են, ովքեր բնակվում են ընկերությունների կողմից տրամադրված լեփ-լեցուն կացարաններում:

Այժմ Հյուսիսային Ռայն Վեստֆալիայի իշխանությունները պարզաբանումներ են ակնկալում ընկերությունից կատարվածի վերաբերյալ: Մենք կուսումնասիրենք, արդյոք խախտվել է որևէ կանոն, մասնավորապես առողջության և անվտանգության պահպանման հարցում, ինչպես նաև զբաղվածության պաշտպանության վերաբերյալ, - ասում է երկրամասի ղեկավար Լասչեթը:

Շաբաթ օրը ընկերության սեփականատեր Քլեմենս Թոենիսն ասել է, որ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի շտկի իրավիճակը, և նշել, որ այս վերջին բռնկումները ճգնաժամի են հանգեցրել իր ընկերությունում, որը դադարեցրել է գործունեությունը՝ վիրուսի տարածման դեմ վերահսկողություն սահմանելու համար: