Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք անդամների վերաբերյալ օրինագիծը ԱԺ-ն ընդունեց 89 կողմ ձայնով (տեսանյութ)

ՍԴ նախագահի և մի քանի անդամների լիազորությունները դադարեցնելու նախագիծը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց։ Այն  երկրորդ ընթերցմամբ ընդունեց 89 կողմ ձայնով

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում:  Նրանք  բոյկոտել են և հայտարարել,որ այս գործընթացը հակասահմանադրական է:

ԱԺ-ն նաեւ որոշեց նախագիծը չուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու հարցով, քանի որ այն վերաբերում է հենց այդ դատավորներին։

Մինչ քվեարակությունը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ելույթում ն շեշտեց, որ ՀՀ քաղաքացիները ուզում են անկախ, չկոռումպացված դատական համակարգ, մինդեռ այս գործընթացին դիմադրում են նախկին կոռումպացված համակարգի շահառուները.

«Մենք ի կատար պետք է ածենք ՀՀ ժողովրդի ցանկությունը, որովհետև ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննարկվող օրակարգը համարեց պետականության ողնաշարն ամրացնող կարևորագույն հենասյուներից մեկը.

«Ոչ պատահականորեն հայտնի դարձավ, որ մեր քննարկումներին զուգահեռ ՍԴ-ն հրավիրել է շտապ աշխատակարգային քննարկում, որի ընթացքում Ռ. Քոչարյանի դիմումի քննությունը նշանակվել է հուլիսի 7-ին այն հաշվարկով, որ իրենք կհասցնեն մինչև այս օրենքի ստորագրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետի ավարտը վերջին ծառայությունը մատուցել Ռոբերտ Քոչարյանին»:

Բաբաջանյանի պնդմամբ՝ ՍԴ-ի նպատակն է պաշտպանության տակ առնել բոլոր նախկին հանցագործներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ.

«Մենք այս օրենքով պատմության գիրկն ենք ուղարկելու մի ՍԴ, որն իր գործունեությամբ ու վարքագծով հակապետական, հակաժողովրդավարական ինստիտուտ է և սպառնում է մեր երկրի, հասարակության և ժողովրդավարության անվտագությանը»:

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի` կշարունակեն ՍԴ անդամի կարգավիճակում աշխատել մինչև 12 տարին լրանալը: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով առաջարկվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Այսինքն՝  օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք դատավորների՝  Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի  լիազորությունները կդադարեցվեն, իսկ Հրայր Թովմասյանը կպաշտանավորի ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ դատավոր։