Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-1b3b904c6d8da617c54bcace5cb548b7-V
A A
Քաղաքականություն

Այսօր արձանագրվեց քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումը․ «Ալյանս»

Եռօրյա քննարկումների արդյունքում  Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության վարչությունը ընդունել է հետևյալ հայտարարությունը.

«Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Տասը, տասներեք, տասնութ, այս թվերով է արձանագրվել վերջին երեք օրերի մահերի վիճակագրությունը:

Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Աստծո բարեհաճությամբ համավարակի հարվածը մեր երկրին էլ ավելի չուժգնանա, ապա առնվազն մի քանի ամսից կանգնելու ենք տնտեսական ճգնաժամի ու սոցիալական աղետի առաջ, և այս ամենին գումարած երկիրը մտնում է քաղաքական ճգնաժամի մեջ:

 Այսօր արձանագրվեց քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումը՝ խորհրդարանի դահլիճում չկար ընդդիմություն, բացառությամբ մեկ ընդդիմադիր անկախ պատգամավորի` խորհրդարանի դահլիճում իշխանությունը միանձնյա քննարկեց և ընդունեց իր իսկ բերած օրինագիծը:

Հետագա գործընթացներն ու իրադարձությունների հավանական զարգացումը չափազանց մտահոգիչ են: Կիսապատերազմական վիճակի, կորոնավիրուսային համավարակի, սոցիալ-տնտեսական լարվածության և քաղաքական ճգնաժամի պայմաններում «Ալյանս»  առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը կո՛չ է անում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերին վերանայել իրենց գործունեության ձևաչափը, փակել անցյալի բոլոր էջերը և միասնաբար նստել աշխատանքային սեղանի շուրջ:

Կա՛մ դուք գործելու եք արդյունավետ և արագ, կա՛մ շատ շուտով ապրելու եք բացարձակապես այլ իրականության մեջ, որը չեք պատկերացրել նույնիսկ վատ երազներում:

«Ալյանս»  կուսակցությունն իր հերթին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ իր ողջ ռեսուրսով ու կադրային ներուժով պատրաստակամություն է հայտնում միջանձնյա ու միջկուսակցական հարցերից դուրս նպաստել արտակարգ տեմպերով վրա հասնող ճգնաժամի դիմադրության միասնական օրակարգի ձևավորմանը»։