Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Պաշտոնական

United Fresh LIVE-ի վիրտուալ դռները բաց կլինեն ողջ ամռան ընթացքում

Հունիսի 15-19-ը ավելի քան 50 փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից մասնակցեցին «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսին: Հայկական ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանը ներկայանում է #FruitfullArmenia առցանց տաղավարով, որտեղ ցուցադրված է հայկական չրերի, պահածոների, բուսական թեյերի, օրգանական սերտիֆիկացված արտադրանքի լայն տեսականի, ինչպես նաև մեղր, գինի, թարմ հատապտուղներ, շոկոլադ, մուրաբաներ և այլն։

 

Ցուցահանդեսը համախմբել է ընկերությունների 75 երկրներից՝ հնարավորություն ընձեռելով նրանց գործարար կապեր հաստատել միջազգային տարբեր շուկաների առաջատար կազմակերպությունների հետ, ուսումնասիրել գյուղատնտեսական մթերքի արտադրման, վերամշակման ու մատակարարման շղթաները և ծանոթանալ նորարարական լուծումներին՝ ուղղված արտադրողականության ու մրցունակության պահպանմանն ու բարելավմանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։

Առաջատար փորձագետների մասնակցությամբ առցանց քննարկումների միջոցով «United Fresh LIVE»-ի մասնակիցները և այցելուները հարստացրին իրենց գիտելիքները կայուն գյուղատնտեսության զարգացման, սննդի անվտանգության, ճգնաժամային հաղորդակցության և այլ թեմաների վերաբերյալ։

«United Fresh LIVE»-ի վիրտուալ դռները բաց կլինեն ողջ ամռան ընթացքում՝ հնարավորություն տալով ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին շարունակել շփումն ու ամրապնդել համագործակցությունը։ Միջոցառման կազմակերպիչն է հայտնի ամերիկյան «United Fresh Produce» ասոցիացիան։