Եղեգնուտի բնակիչներն ակցիա էին անում. չեն ուզում ՀՀԿ-ական համայնքապետը վերադառնա
Աջակցիր «Ա1+»-ինԵղեգնուտի բնակիչները չեն ուզում, որ իրենց համայնքը նորից ղեկավարի Ռազմիկ Մարգարյանը։ Նա իր լիազորությունները վաղաժամկետ վայր էր դրել բնակիչների ճնշմամբ՝ 2018 թվականի ամռանը։ 32 տարի համայնքը ղեկավարած Մարգարյանի դիմումն ավագանին չէր ընդունել։
Այնուամենայնիվ՝ Արմավիրի՝ այն ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը։
« Ռազմիկ Մարգարյանը ՀՀԿ-ից է, ինչքան քրեական գործ ուներ համաներումով ազատվել է, համայնքի հողերն ու գերեզմանաքարերն է ծախել, հիմա ուզում են նորից հետ բերել։ Բողոքում ենք, որ մեր խնդիրը հասնի վարչապետին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է բողոքի ակցիային մասնակից Սմբատ Մկրտչյանը։ Ըստ նրա՝ եթե Ռազմիկ Մարգարյանը նորից նստի համայնքապետի աթոռին, նշանակում էր՝ իզուր էր իրենց պայքարը։
«Ժողովրդի հաղթանակից հետո չենք ուզում, որ մեր հաղթանակը ջուրն ընկնի։ Մինչև հիմա կեղտոտ ջուր էինք խմում, էս երկու տարին ա, որ մաքուր ջուր ունենք։ Գյուղի բնակիչները հանգիստ իրար հետ շփվում են, համերաշխություն է տիրում»,- ասաց նա։
Ռազմիկ Մարգարյանը ակցիա անող իր համագյուղացիներին այսպես է պատասխանում՝ ինքը ոչ մի տեղ չի գնացել, որ հիմա էլ վերադառնում է։
«2018թ․-ից մարզպետ Միրիջանյանի որոշմամբ անհիմն ազատվել էի աշխատանքից։ Ժամանակավոր պաշտոնակատարը կոպիտ սխալներ է թույլ տվել, օրենքներ է խախտել, դիմել եմ դատարան և դատական պրոցեսներից հետո, օրենքին համապատասխան պետք է վերադառնամ իմ զբաղեցրած պաշտոնին»,- ասաց Ռազմիկ Մարգարյանը
Նա մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու, աշխատասենյակն ու կնիքն իրեն հանձնելու պահանջելով դիմել էր վարչական դատարան, որը մերժվել էր։ Դիմել էր նաեւ դատարան ՝ պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի պաշտոնավարումը մինչև ըստ էության դատական ակտի կայացումը դադարեցնելուն պարտավորեցնելու պահանջով։
2019թ. նոյեմբերի 5-ին վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է բողոքը՝ անվավեր ճանաչելով միայն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը։ Ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ չի ընդունվել։
Անդրադառնալով այսօրվա ակցիային՝ Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ երկու հազար բնակիչ ունեցող գյուղից 50-60 հոգի բողոքողը չի կարող որևէ կերպ ներկայացնել ամբողջ համայնքի կարծիքը։
Իսկ գյուղացիները, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի հորդորով դադարեցրել են ակցիան՝ պայմանով, որ վերջինս հանդիպում կունենա մարզպետի հետ և քննարկի խնդիրը։