Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սարքերի բաշխումը սկսվել է հենց օդանավակայանից․ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ

Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը:

Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։

Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը:

Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

- Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
- Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով։