Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Թանկագի՛ն բուժաշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը:

Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք: