Բացել լրահոսը Փակել լրահոսը
1019055
A A
Հասարակություն

Դատախազը միջնորդել է դատապարտել Հայկ Սարգսյանին 7 տարի ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատախազը միջնորդել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարի ազատազրկման։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով։ Նա գտնում է, որ սպանության փորձը և ապօրինի զենք կրելը հիմնավորված է։ Դատախազը ապօրինի զենքի կրելու մասով միջնորդեց, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկետը լրանալու հիմքը, իսկ սպանության փորձի մասով միջնորդեց դատապարտել 7 տարի ազատազրկման»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանը նշեց, որ իրենք մշտապես հիմնավորել են, որ չկա սպանության փորձի հատկանիշ։ Պաշտպանական կողմը մանրամասները ճառով կներկայացնի հաջորդ դատական նիստում։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:

2018 թվականին սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։  50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից: