Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff kargapahakan
A A
Սպորտ

ՀՖՖ-ն որակազրկել է «Արարատի» թարգմանչին ու ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել է 450 հազար դրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտե հերթական նիստը, որի ժամանակ ընդունվել են մեծ թվով ուշագրավ որոշումներ: 

Մասնավորապես՝ «Արարատ» ակումբի թարգմանիչ Վալերի Օգանեսյանը և ֆուտբոլիստ Լուկման Արունան որակազրկել են մինչև հունիսի 29-ը, իսկ ակումբը տուգանվել է 150000-ական դրամով: «Արարատ-Արմենիա» - «Արարատ» խաղին թարգմանիչը հայհոյախառը վիրավորանքներ է հնչեցրել մրցավարների հասցեին, իսկ ֆուտբոլիստը հայհոյել է չորրորդ մրցավար Շահեն Աղայանին: «Արարատը» կվճարի ևս 150 հազար դրամ տուգանք՝ ֆուտբոլիստների կողմից հնչեցրած հայհոյանքների համար:

«Տորպեդո» - «Դիլիջան ՖԱ» խաղին հայհոյանքներ հնչեցնելու համար «ԴՖԱ ՓԲԸ» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանը մինչև 2019/20թթ. մրցաշրջանի ավարտը զրկվել է առաջնության խաղերին մասնակցելու իրավունքից, իսկ ընկերությունը տուգանվել է 250.000 դրամով: Միաժամանակ, կոմիտեն միջնորդություն է ներկայացնել ՀՖՖ մրցավարական կոմիտեին՝ ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանի վարքագիծը քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու վերաբերյալ:

«Փյունիկ» և «Շիրակ» ակումբները տուգանվել են 50 հազարական դրամով, «Փյունիկ-2» - «Շիրակ-2» խաղին ֆուտբոլիստների ոչ մարզական պահվածքի համար: «Մասիս» ակումբը «Լոկոմոտիվի» և «Արարատ-2»-ի հետ խաղերում չի կարողացել հայտավորել Հայաստանի քաղաքացիություն ունեցող 10 ֆուտբոլիստ, որի համար տուգանվել է համապատասխանաբար 60 և 80 հազար դրամով:

«Արագած» թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել «Անիի» հետ կայացած խաղում, քանի որ դաշտ է դուրս բերել որակազրկված ֆուտբոլիստ: Ակումբը տուգանվել է 30 հազար դրամով: