Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքական է հրավիրվել աֆրիկացի նոր ֆուտբոլիստ

Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:

Ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»:

Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։

Նշենք, որ Հայաստանի հավաքականում նախկինում արդեն հանդես են եկել աֆրիկացի ֆուտբոլիստներ: