Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ՍԴ-ն իր այսօրվա կազմով ու տրամաբանությամբ ուղղակի խոչընդոտ է դատական իշխանության առողջացման համար․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք տեսել ենք, թե ինչի են հանգեցնում արտաքին օրակարգերով թելադրված ներքին գործընթացները, մենք դրանց համար վճարել ենք պետության ինիքշխանության ու անկախության նվազմամբ, աշխարհաքաղաքական կորուստներով, երկրի ներքին ու արտաքին դիմադրողականության թուլացմամբ։

Հետևաբար, այս լույսի ներքո դիտարկելու դեպքում Հայաստանում ծավալվող գործընթացները ստանում են միանգամայն այլ՝ մեր երկրի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող նշանակություն, իսկ դա նշանակում է, որ պետական ինստիտուտները պետք է համարժեք արձագանքնեն այդ գործընթացներին՝ դրանց վերաբերվելով ոչ թե որպես սոսկ ներքին զարգացումների, այլ որպես ներքաղաքական խմորումների տեսքով դրսևորվող արտաքին միջամտության՝ դրանից բխող բոլոր անցանկալի ու վտանգավոր հետևանքներով։

Այս պահին շատ չեն անելիքները՝ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հաղթահարման վրա։ Ազգային ժողովում առաջիկա օրերին սկսվելու է Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հաղթահարումն ապահովող նախագծի քննարկումը։ Ազգային ժողովը վերջապես, առաջին անգամ կստանձնի ժողովրդավարության պաշտպանության իր կարևորագույն առաքելությունը՝ Սահմանադրական դատարանը պետք է դառնա երկրում ժողովրդավարության պաշտպանության առանցքային ինստիտուտը։

Ներկայումս այն իր այդ առաքելությունը փոխարինել է ժողովրավարության զարգացման խոչընդոտի, պատվարի անպատվաբեր դերով։

Իրականում Սահմանադրական դատարանը թիկունքային ապահովվածություն է ստեղծում դատական համակարգի կոռումպացված, հանցավոր դատավորների համար, որոնք, ինչպես ՍԴ անդամների զգալի մասը գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխիայի և արտաքին ուժային կենտրոնների ուղղակի կամ անուղղակի ազդեցության ներքո։

Հետևաբար, իրականության մեջ մինչև մենք չձերբազատվենք ՍԴ գործող կազմից, չենք կարող մտածել դատավորների շրջանում համատարած, իրական վեթինգի մասին, որովհետև Սահմանադրական դատարանն իր այսօրվա կազմով ու տրամաբանությամբ ուղղակի խոչընդոտ է դատական իշխանության առողջացման համար։

Հետևաբար դատական իշխանության համար, այո, անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի գործող կազմի ու գործունեության տրամաբանության փոփոխություն։ Առանց դրա մենք չենք կարող մտածել Հայաստանում անկախ, արդյունավետ ու քաղաքացու շահը սպասարկող դատական իշխանության ձևավորման մասին»։