Բացել լրահոսը Փակել լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյան
A A
Պաշտոնական

«Պետք է բացահայտել բոլոր ժամանակների ընտրակեղծիքները»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար,  «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր և քաղաքական խորհրդի նախագահ  Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապով մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը: Ներկայացնենք ելույթի հիմնական ուղղություններից մի քանիսը:

Ա. Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը և ԵԽ պատգամավորների մեզ համար անակնկալ աչառու նամակի խնդիրը՝ կապված Հայաստան-Արցախ կառուցվող նոր ճանապարհի հետ, որը Արցախի  բնակչության կենսական անվտանգության ապահովման և Ադրբեջանի կողմից նրա շրջափակման վտանգների չեզոքացման հրամայականն է:  Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական մեր գործընկերներին կոչ արեց առավել ողջամիտ, անաչառ եւ միջազգային իրավունքները համակողմ հարգող մոտեցում ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման նկատմամբ՝  ընդգծելով, որ խնդիրը պետք է  բացառապես խաղաղ և արդարացի լուծում ունենա՝ հիմնված Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:

Բ. Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Թուրքիայի ժխտողական, թշնամական քաղաքականությանը՝ հիմնավորելով 1921 թ. բոլշևիկ-թուրքական պայմանագրերի՝ հայ ժողովրդին հայրենազրկող ժառանգությունից դուրս գալու անհրաժեշտությունը: 

Գ. Անդրադառնալով հայաստանյան իրավիՃակի գնահատմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետք է բացահայտել բոլոր ժամանակների ընտրակեղծիքները և դրանք կազմակերպողներին՝ բացառելով ընտրողական մոտեցումը, միաժամանակ շեշտել է, որ այս կարևոր գործընթացում պետք է հարգել անմեղության կանխավարկածը: «Ժառանգությունը» մտահոգված է համավարակային պայմաններում հասարակական բևեռացման վտանգով, ուստի արտակարգ դրության պայմաններում իսկ կարևորում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների երաշխավորումը՝ առաջ քաշելով համազգային երկխոսության հրամայականը: Միայն ի սպառ բացառելով քաղաքականացված արդարադատություն, կկարողանանք բացառել հոռի պատմության կրկնությունը: Հանուն Հայաստանի, մեր ինքնիշխանության և ժողովրդավարության մեր ձեռքով վերադարձ դեպի անցյալը չենք կարող թույլ տալ:

 «Ժառագություն» կուսակցության վարչություն