Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կոչ եմ անում կտորե դիմակներ չկրել հանուն գեղեցկության. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ, իր բառերով,  առիթն օգտագործեց, դիմակների մասին երկու բառ ասելու համար։

«Տեսեք, մենք որ սկսեցինք խնդրել մեր քաղաքացիներին, հետո պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինասական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը սակայն երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին: Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում, նույնը՝ մեր մյուս քաղաքացիներին»,-ասաց նա:

Այսինքն, ըստ նրա,  կտորե դիմակի ալտերնատիվ լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով:

«Դա շատ կարևոր է հատկապես այն քաղաքացիներին պաշտպանելու համար, ովքեր ավելի խոցելի են: ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից բարձր ես և խոցելիի խմբում ես, պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գալուց և ներս գալուց՝ արտաշնչելիս, փռշտալիս և հազալիս: Այնպես որ, կարծում եմ, այս հաղորդագրությունը պետք է շատ հստակ տրվի»,-ասաց նա: