Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Դատական պրոցեսը չվերածենք կենսագրության ամեն օրը ուսումնասիրելու  գործընթացի». Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր. ուղիղ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ,  ժամը 10-ից   շարունակում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ բողոքի քննությունը։

Բողոքը  ներկայացվել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

 Դատական նիստի սկզբում իր փաստարկները ներկայացրեց   Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ելույթին։

«Ռոբերտ Քոչարյանը խոսեց իր անձի բրենդի մասին, մենք այս բրենդը գնահատելու խնդիր չունենք և այդ ներկայացված բրենդը չի տալիս հնարավորություն գնահատելու, թե որքանով է նա պատրաստ կամ որքանով կկատարի այն կանոնները, որը չպահպանելու հիմքով այսօր կիրառված է կալանքը որպես խափանման միջոց»,- ասաց նա։

Նա հիշեցրեց մի շարք գործեր, որոնք հետ առնչվող իրավախախտումները կապվել են Ռոբերտ Քոչարյանի անվան  հետ, մինչդեռ այդ ժամանակ իրավապահ համակարգը սրան գնահատական չի տվել։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը  Եգորյանի այս հայտարարություններից հետո դատարանին առարկություն ներկայացրեց.


«Ինչ թվարկում է, որևէ կապ չունի քննարկվող հարցի հետ։ Երեկ պարոն Քոչարյանը դատարանի հարցերին էր պատասխանում, իր անձնային հատկանիշները ներկայացնելով ասում էր, թե ինչքանով իրեն կպարտավորեցնի չորս անձի երաշխավորությունը, ինչ վերաբերմունք ունի ինքը դատարանի նկատմամբ»

Դատավորը շեշտեց, որ  դատարանին անհրաժեշտ ու կարևոր է հասկանալ անձի վարքագիծն իր կողմից հնարավոր ոչ իրավաչափ արարք կատարելու հանգամանքը գնահատելու համար, բայց դրա համար պետք չէ ներկայացնել  անձի ամբողջ կենսագրությունը։

«Դրա համար, իհարկե, չպետք է գնանք մանկություն, այնտեղից հետ գանք բոլոր հանգամանքները նշելով։ Իրապես նաև  ընդունելի է պարոն Ալումյանի այն գաղափարը, որ պետք է նշենք ինչքան խրախուսական գործողություններ է արել պարոն Քոչարյանը, ինչ հաջողություններ է ունեցել, որտեղ իր վարքագիծը համապատասխանեցրել է օրենքին։ Դատական պրոցեսը չվերածենք ամբողջ կենսագրության ամեն օրը ուսումնասիրելու  գործընթացի։ Կխնդրեմ այդ մասով փորձել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որը կբերի թվացյալ անհավասար դրությանը»,-նշեց դատավորը։

 Դատական նիստը շարունակվում է։ Ռոբերտ Քոչարյանն ի տարբերություն երեկվա, ներկա չէ։