Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ֆիրդուսի
A A
Պաշտոնական

«Թույլ չենք տալու անհարկի ու հակաիրավական քայլերով կառուցապատման ցանկացած նախագծի վիժեցում»

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի դիրքորոշումը կառուցապատման ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես` Ֆիրդուսի թաղամասի:

Հայտարարություն

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն  մտահոգիչ է համարում ս.թ. հունիսի 13-ին Երևանի ավագանու «Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի» և «Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ հնչեցված այն մտքերն ու տեսակետները, որոնք միտված են ձախողելու ՀՀ-ում իրականացվող քաղաքաշինական այնպիսի խոշոր նախագիծ, ինչպիսին Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրն է: 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն տեսնում է որոշակի միտում և նշված աշխատանքներին խոչընդոտող հետևողական գործողությունների հաջորդականություն: 

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Ֆիրդուսի թաղամասի նախագիծը երկրի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, իսկ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր կառուցապատող ընկերությունները հանդիսանում են մեր ասոցիացիայի անդամ: 

Ուստի, հայտնում ենք, որ այսուհետ ևս հետամուտ ենք լինելու ծրագրի մասով տեղի ունեցող զարգացումներին և թույլ չենք տալու անհարկի ու հակաիրավական քայլերով կառուցապատման ցանկացած նախագծի վիժեցում կամ դադարեցում, որը, անխուսափելիորեն, վատթարագույն հետևանքներ կունենա ինչպես կառուցապատողի և կառուցապատման ոլորտի վրա, այնպես էլ՝ երկրի տնտեսության, տնտեսական կյանքի ակտիվության վրա: 

 Հակադիր տեսակետներ ունեցող շահառուներին կոչ ենք ենք անում զերծ մնալ պոպուլիստական և սադրիչ գործողություններից, հայտարարություններից, ուղղորդված քայլերից: 

Ավագանու արտահերթ նիստի ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցչի և Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ կառուցողական դիրքորոշումները հուսադրեցին և վստահություն ներշնչեցին, ինչի համար  ասոցիացիան պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքային իշխանություններին Ֆիրդուսի թաղամասի ծրագրի իրագործման աշխատանքներում և գտնում է, որ ցանկացած հարց պետք է քննարկվի և իր լուծումը գտնի կառուցողական երկխոսությամբ:

 

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ

(նախագահ Վահե Պետրոսյան)