Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Պաշտոնական

ԱԺ-ն ընդունեց շահութահարկի կանխավճարների մասին նախագիծը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ազգային ժողովը այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շահութահարկի կանխավճարների մասին նախագիծը։

Ինչպես կառավարության ներկայացուցիչը նշեց, ամեն ինչ կարվի, որպեսզի օրենքը ստորագրվի և ուժի մեջ մտնի մինչև հունիսի 20-ը։

Նշեմ, որ եթե այս նախագիծը չընդունվեր, ՀՀ շահութահարկ վճարող տնտեսվարողները հունիսի 20-ին ստիպված կլինեին վճարել մոտ 30 մլրդ դրամ շահութահարկի կանխավճար, իսկ 3-րդ և 4-րդ եռամսյակների համար, համապատասխանաբար, եռամսյակային մոտ 16 մլրդ դրամ։
Այսինքն, կարելի է ասել, որ օրենքի ընդունմամբ տարվա կտրվածքով մոտ 60 մլրդ դրամի լրացուցիչ լիկվիդայնություն ապահովվեց շահութահարկ վճարող գործարարների համար։

***
Նախագծի մասին

1️⃣ Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

2️⃣ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

 Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։

Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։
Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»։