Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Պաշտոնական

Հայցադիմումներ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի

2019 թ. դեկտեմբերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները ՝ 4 անձանց անունից հայցադիմումներ են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի ՝ նրանց նկատմամբ դրսեւորված խտրականության փաստի ճանաչման եւ պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: 

Հայցվորները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ովքեր դիմել են «Ամերիաբանկ ՓԲԸ», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկ ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ՝ բանկային ծառայություններ ստանալու նպատակով (արտարժույթային հաշվի բացում եւ քարտի տրամադրում, հաշվից արտարժույթով փոխանցումների կատարում եւ այլն): 

Բանկերի կողմից ծառայությունների մատուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով անձանց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը՝ վկայակոչելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիության հետ կապված սահմանափակումը կիրառվում է՝ համաձայն բանկի ներքին իրավական ակտերի: 

Նման պայմաններում, ՀՀ բանկերն անտեսել են ՀՀ քաղաքացիություն ունեցող՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ծնված եւ համապատասխան քաղաքացիություն եւս ունեցող քաղաքացիների իրավունքները՝ ենթարկելով նրանց խտրականության, խախտելով մնացած քաղաքացիներին հավասար պայմաններում բանկային ծառայություններից օգտվելու իրավունքը: 

2020թ. հունիսի 11-ին տեղի են ունեցել հայցվորներն ընդդեմ «Ամերիաբանկ ՓԲԸ» երկու գործերով նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում հայցվորի ներկայացուցիչները ներկայացրել են հայցի հիմքերը եւ պահանջները: 

Դատարանի կողմից քննարկվել է երկու գործերը միացնելու նապատակահարմարության հարցը, ինչպես նաեւ պատասխանողին տրվել է ժամանակ գրավոր առարկություններ ներկայացնելու համար: 

ԻՊԱՍ փաստաբանների կողմից, ներկայացված հայցադիմումների հիմքում դրվել են հետեւյալ պահանջները. 

  • Ճանաչել, որ բանկերի կողմից բանկային ծառայությունների մատուցման մերժումը պայմանավորված է եղել հայցվորների նկատմամբ քաղաքացիության հիմքով խտրականությամբ, 
  • Վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը՝ պարտավորեցնելով պատասխանող բանկերին տրամադրել մատուցվող ծառայությունները, 
  • Տրամադրել խտրականության ենթարկվելու արդյունքում պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում: 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ