Բացել լրահոսը Փակել լրահոսը
104486781_730465091058848_1892777138015511005_o
A A
Պաշտոնական

«Ի՞նչ փուլում է գտնվում նախագահական ընտրապայքարն ԱՄՆ-ում»

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ ԱՄՆ-ում այս տարի նոյեմբերի 3-ին պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ և ընտրապայքարը շարունակվում է։ Կուսակցություններն արդեն իսկ հստակեցնում են իրենց Ազգային համագումարների անցկացման վայրն ու ժամկետները, որոնց ընթացքում կուսակցությունները պաշտոնապես կառաջադրեն իրենց թեկնածուներին, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, և Ջո Բայդենը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Երկու ամսից՝ օգոստոսի 17-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է անցկացնել ԱՄՆ Դեմոկրատական ազգային համագումարը, որ տեղի կունենա Վիսկոնսինում գտնվող Միլվուկի քաղաքում։ Եզրափակիչ երեկոյի ժամանակ կհայտարարվի կուսակցության նախագահի և փոխնախագահ թեկնածուների անունները։ Համաժողովը նախապես նախատեսված էր իրկանացնել հուլիսի 13-16-ը, բայց հետաձգվեց կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության նկատառումներից ելնելով:

Թեև Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները (primary and caucus) դեռ չեն ավարտել, բայց Ջո Բայդենը արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ քանակի պատվիրակ՝ 1991, 2020թ․ նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելու որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու համար:

Հանրապետական ազգային համագումարի պարագայում վիճահարույց հարցը դրա անցկացման վայրն էր։ Ի սկզբանե՝ ընտրված էր Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքը, սակայն նահանգապետ Ռոյ Քուփերն ասաց, որ պատրաստ չէ երաշխավորելու համագումարի իրականացումը կուսակցության պաշտոնյաների, պատվիրակների և ակտիվիստների մասնակցությամբ՝ ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահական մտահոգություններից։ Դա բավական զայրացրեց նախագահին և հանրապետական պաշտոնյաներին և արդյունքում որոշում կայացվեց անցկացնել համագումարը Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում։ Այնումենայնիվ, Ջեքսոնվիլում կանցկացվի տոնական հատվածը, իսկ բիզնես հատված՝ Հյուսիսային Կարոլինայում։ Համագումարը տեղի կունենա օգոստոսի 24-ից 27-ը։

Սրան զուգահեռ նախագահ Թրամփն արդեն իսկ ցանկանում է վերսկսել նախընտրական հավաքների իրականացումը։ Նա նախատեսում է հանրահավաք անցկացնել Օկլահոմայի Տուլսա քաղաքում՝ մարտի 2-ից ի վեր անցկացված իր առաջին հավաքը, այն բանից հետո, երբ նահանգները սկսեցին փակվել՝ ի պատասխան կորոնավիրուսային համաճարակի։ Հանրահավաքը, ամենայն հավանականությամբ, անհանգստություն կառաջացնի հանրային առողջապահության որոշ մասնագետների մոտ կապված վարակի տարածման հետ` հաշվի առնելով, որ վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը: Միևնույն ժամանակ մասնակիցները պետք է համաձայնեն, որ կամովի ընդունում են COVID-19-ով վարակվելու ռիսկերը, և այսպիսով դատի չեն տա քարոզարշավին նման պարագայում։ Այնուամենայնիվ, նախագահն ավելի ուշ հայտարարեց հավաքը մեկ օր ուշ անցկացնելու մասին՝ ի նշան հարգանքի ԱՄՆ-ում ստրկության ավարտի հիշատակման տոնի հետ կապված ։

Վերջին շրջանում նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշում անկում է նկատվում։ Եթե ապրիլի սկզբին նրա վարկանիշը 45.8% էր, ապա այն այժմ հասել է 41․1%-ի։ Իսկ որոշ հարցումների տվյալների համաձայն՝ այն վերջին ամսում ընդհուպ հասել էր մինչև 39%-ի։ Իհարկե, այս անկումը կարող էր կանխատեսելի լինել, քանի որ այն պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետևանքներով, մանսավորապես՝ դրա հետևանքով գործազրկության ռեկորդային աճով։ Մյուս պատճառն էլ պայմանավորված է մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած բազմամարդ ցույցերով։ Այս իրադարձությունները հանգեցրին տարեց ընտրողների և սպիտակ աշխատողների շրջանում նրա աջակցության նվազման:

«CNN»-ի տրամադրած տվյալներով Ջո Բայդենը 14%-ով առաջ է Դոնալդ Թրամփից, որին ի պատասխան Թրամփի ընտրական թիմը «CNN»-ին նամակ (cease-and-desist letter) ուղարկեց՝ պահանջելով չեղյալ հայտարարել և ներողություն խնդրել իր կողմից հրապարակված հարցումների համար։ Համաձայն Թրամփի ընտրական քարոզարշավի՝ «այդ հարցումը ամերիկացի ընտրողներին մոլորեցնելու համար էր կողմնակալ հարցաթերթիկների և աղավաղված ընտրանքի միջոցով»:
Թրամփը այս թեմային վերաբերող իր թվիթում մասնավորապես նշել է․ «CNN-ի (և մյուս) հարցումները կարծում եմ, որ ԿԵՂԾ են, հիմնվելով այն անհավանական խանդավառության վրա, որը մենք ստանում են․․․ Սա նույնն է, ինչ նրանք և մյուսները արեցին, երբ 2016 թվականին մենք հաղթեցինք անազնիվ Հիլարի Քլինթոնին․․․»։

Լուրջ հակասություններ կան նաև նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրության անցկացման կարգի հետ կապված։ Նախագահ Թրամփը լրջորեն դեմ է փոստով իրականացվող ընտրությանը՝ համարելով, որ դա կբերի համատարած կեղծիքների՝ «փոստի տուփերը կկողոպտվեն, քվեաթերթիկները կկեղծվեն, ապօրինի կտպագրվեն և խարդախությամբ կստորագրվեն»։ Իր հերթին Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ նախագահ Թրամփը կփորձի «գողանալ» նոյեմբերի ընտրությունները։ Նախկին փոխնախագահը չի մանրամասնել, թե ինչպես, ըստ իրեն, Թրամփը դա կանի, բայց անդրադարձել է փոստով քվեարկությանը Թրամփի դեմ լինելուն և նշել, որ դեմոկրատներն իրավաբաններ կունենան ընտրավայրերում ողջ երկրով մեկ՝ զգուշանալու քվեարկությունը խափանելու հանրապետական ջանքերից։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն