Բացել լրահոսը Փակել լրահոսը
europaflagge
A A
Պաշտոնական

Դեպի ԵՄ ճամփորդությունների սահմանափակումները երկարացվում են

ԵՄ հանձնաժողովը առաջարկել է COVID-19-ի հետագա տարածմանը խոչընդոտելու նպատակով մինչև 2020թ. հունիսի 30-ը երկարացնել երրորդ երկրներից Եվրամիություն մուտք գործելու արդեն առկա ժամանակավոր սահմանափակումները ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների դեպքում: Գերմանիան հետևելու է այս առաջարկությանը և կիրառելու է այն։  

Այս սահմանափակումները չեն տարածվի հետևյալ անձանց վրա՝

1․ ԵՄ և Շենգենյան գոտուն ասոցիացված պետությունների (Իսլանդիայի, Լիխթենշթայնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի), Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, որոնք վերադառնում են իրենց մշտական բնակության վայր,

2․Երրորդ երկրների քաղաքացի այն անձինք, որոնք վերադառնում են իրենց մշտական կացության վայր՝ ունենալով ԵՄ անդամ որևէ պետության և/կամ վերը թվարկված պետությունների կողմից տրված երկարաժամկետ կացության իրավունք (կացության իրավունք կամ երկարաժամկետ վիզա, օրինակ՝ ուսանողական կամ աշխատանքային),

3․Երրորդ երկրների քաղաքացի այն անձինք, որոնք ունեն այսպես կոչված «հատուկ գործառույթներ» (essential functions): Այդ անձինք են՝

  • առողջապահական ոլորտի աշխատակիցները և գիտնականները, խնամք իրականացնող մասնագետները,
  • սահմանը հատող անձինք, բեռնափոխադրումներում և այլ անհրաժեշտ ոլորտներում ընդգրկված երթևեկային անձինք,
  • դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ռազմական ոլորտի ներկայացուցիչները, մարդասիրական օգնություն ցուցաբերող անձինք, եթե ծառայության մեջ են,
  • տարանցիկ ուղևորները,
  • ընտանեկան խիստ անհրաժեշտ պատճառներով ճամփորդող անձինք,
  • այն անձինք, որոնք ունեն միջազգային պաշտպանության կարիք, կամ պետք է մուտք գործեն մարդասիրական այլ հիմքերով:

2020թ․ հուլիսի 1-ից Եվրամիություն մուտք գործելու սահմափակումների բացառությունները լրացուցիչ կընդարձակվեն հետևյալ կերպ՝

  1. ԵՄ և Շենգենյան գոտուն ասոցիացված պետությունների (Իսլանդիայի, Լիխթենշթայնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի), Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, ինչպես նաև ԵՄ-ում կացության իրավունք ունեցող երրորդ երկրների քաղաքացիները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները կարող են մուտք գործել ԵՄ՝ անկախ մշտական բնակության վայր վերադառնալու հանգամանքից,
  2. Բացի երրորդ երկրների քաղաքացի այն անձանցից, որոնք ունեն այսպես կոչված «հատուկ գործառույթներ» (essential functions), մուտք գործելու իրավունք կստանան նաև ուսման նպատակով ԵՄ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիները և որակավորում ունեցող երրորդ երկրների այն քաղաքացիները, որոնց զբաղվածությունն անհրաժեշտ է տնտեսական տեսանկյունից և չի կարող հետաձգվել կամ կատարվել արտերկրից։

Այլ տեղեկություններ Եվրամիության ներքին ճամփորդությունների մասին

ԳԴՀ կառավարությունը 2020թ․ հունիսի 10-ին որոշել է հունիսի 15-ից դադարեցնել Ավստրիայի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմաններին ժամանակավորապես մտցված սահմանային վերահսկողությունը:  Իսպանիայի հետ Գերմանիայի օդային սահմանների նման վերահսկողությունը կդադարեցվի 2020թ․ հունիսի 21-ից։ 

Այդպիսով նշված երկրներից Գերմանիա մուտք գործելու համար ս․թ․ հունիսի 16-ից, իսկ Իսպանիայի դեպքում՝ հունիսի 22-ից այլևս մուտք գործելու նպատակով պայմանավորված սահմանափակումներ չեն լինի։

Լյուքսեմբուրգի հետ սահմանին իրականացվող վերահսկողության ժամկետն արդեն իսկ լրացել է 2020թ. մայիսի 15-ին:

Կարանտին

Դաշնության և երկրամասերի միջև գործում է համաձայնություն՝ երկիր մուտք գործող և երկիր վերադարձող անձանց նկատմամբ միասնական կարանտինային քաղաքականություն կիրառելու վերաբերյալ: Հավելյալ տեղեկություններ (այդ թվում՝ անգլերեն), նմուշօրինակը, ինչպես նաև օգտակար հղումներ կարող եք գտնել ԳԴՀ արտաքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարության կայքերում: Առանձին երկրամասերում կարանտինի իրականացման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ օգտվելով երկրամասային առողջապահության նախարարությունների կայքերից:

 

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ:  

Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության վիզայի բաժինը փակ է անորոշ ժամանակով, հյուպատոսական բաժինն աշխատում է կրճատված անձնակազմով: