Բացել լրահոսը Փակել լրահոսը
104134638_3372384696125567_8630715714051893823_o
A A
Պաշտոնական

Վեթինգ կլինի՝ ի հեճուկս անիրավ դատավորների․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր որպես Վեթինգի դիմադրական շարժման ներկայացուցիչ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպում ունեցա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք գործող կառուցակարգերի ու իրավակարգավորումների շրջանակներում դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ նոր օրենսդրական կարգավորումների ընդունման հնարավորությունները։

Հուրախություն ինձ, մենք գրեթե համակարծիք էինք այն հարցում, որ վեթինգի իրականացման գործընթացը պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից, որն ըստ էության ֆիլտրող դեր ու նշանակություն ունի դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում և իր ներկայիս գործելաոճով ուղղակի խոչընդոտ է հանդիսանում այդ ճանապարհին։ Հետևաբար մեր առաջնային խնդիրը պետք է լինի ինչպես արդեն իսկ գործող, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, նոր ընդունվելիք իրավակարգավորումներով Բարձրագույն դատական խորհուրդը վեթինգի իրականացման խոչընդոտից վեթինգի իրականացման առաջամարտիկի վերածելը։

Մենք դա անելու ենք կամ ԲԴԽ գործող կազմի հետ, կամ եթե անհրաժեշտություն առաջանա՝ առանց նրա։
Հայաստանում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման ճանապարհին վեթինգն անխուսափելի է ու այլընտրանք չունի։ Մենք բոլոր հնարավոր միջոցներով հասնելու ենք դրա իրականացմանը։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ առանց երկրում առկա մյուս հիմնարար ու համակարգաստեղծ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, վեթինգի գործընթացը չի կարող ցանկալի արդյունքներ ապահովել։ Հետևաբար մեր առաջնահերթ խնդիրն է Ազգային ժողովի միջոցով սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը ու գործող ապօրինի Սահմանադրական դատարանի գործունեության դադարեցումը։

Դա մեծագույն խթան կհանդիսանա ինչպես վեթինգի, այնպես էլ դատաիրավական ոլորտի առավել լայն ու ընդգրկուն բարեփոխումների իրականացման համար։ Այս ճանապարհին մեզ սպասում է հսկայածավալ աշխատանք, ինչի նպատակով Ռուստամ Բադասյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական։ Զուգահեռաբար Վեթինգի դիմադրական շարժումը շարունակում է իր փաստահավաք գործունեությունը, ինչի շրջանակներում մենք փաստագրում ենք անցած տարիներին, տասնամյակներին կայացված ապօրինի դատական վճիռների ու դրանց զոհ դարձած քաղաքացիների պատմությունները։

Այդ փաստական բազայի հիման վրա մենք առաջիկայում հանդիպումներ կունենանք նաև այլ պատկան կառույցների, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կներկայացնենք մեզ հասու դարձած պատմությունները։ Հույս ունենք, որ դրանց հիման վրա կհարուցվեն կարգապահական վարույթներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական գործեր։
Հայաստանում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման ճանապարհը հեշտ չէ, այդ ճանապարհին առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ խոչընդոտներ։

Դրանք մենք հերթով հաղթահարելու ենք ու հասնելու ենք մեր վերջնանպատակին՝ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների միջոցով արդարադատության հաստատմանը։ Հանուն ՀՀ քաղաքացու ու հանուն Հանրապետության»։