Մի ամբողջ օր չեմ զգացել՝ ինչ է կատարվում․ կորոնավիրուսից ապաքինված կինը՝ հիվանդության ընթացքի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՆոր կորոնավիրուսով վարակված 48-ամյա Կարինե Հարությունյանը, չնայած հիվանդության ծանր ընթացքին, այսօր առողջ է և ընտանիքի կողքին։
Կարինեն «Ա1+»-ին պատմում է՝ մոտ չորս օր անցկացրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բավականին ծանր վիճակում։ Կորոնավիրուսի հետևանքով կնոջ մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ, ինչն էլ բարդացրել է նրա վիճակը։
Թե որտեղից է վարակվել, գաղափար չունի, ասում է՝ կարգապահ էի, միայն խանութ էի գնում, դուրս գալուց ձեռնոցներ և դիմակ էի կրում պարտադիր։
Առաջին ախտանիշները նկատելիս կասկած անգամ չի ունեցել, որ վարակված է նոր կորոնավիրուսով, միայն թեստավորումից հետո է համոզվել։
Արարատյան առաջին զանգվածում է ապրում, ասում է տարածքում վարակվածները շատ են, ամբողջ թաղամասում վիրոսը տարածված է։
Բարեբախտաբար, Կարինեն ընտանիքի անդամներից որևէ մեկին չի վարակել՝ չնայած՝ մոտ մեկ շաբաթ ջերմել է, դիմել է թերապևտի, ընդունել հակաբորբոքայիններ, սակայն որոշ ժամանակ անց վիճակը կտրուկ վատացել է, ջերմությունը բարձրացել է և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն։
Կարինեի խոսքով՝ կրկին կյանք վերադարձավ միայն բժիշկների սրտացավ մոտեցման և խնամքի շնորհիվ.
«Բժիշկներին վախեցրել էի, մի օր չեմ զգացել՝ ինչ է կատարվում, բժիշկների խնամքի շնորհիվ հաջորդ օրը համեմատաբար լավ էի»։
Կարինեն արդեն 5 օր է տանն է, դեռևս ինքնամեկուսացված է, բայց արդեն ախտանիշներ չունի, թեև վերահսկողության տակ է, 14 օրը լրանալուց հետո ինքանմեկուսացումից դուրս կգա և կապրի լիարժեք կյանքով։
«Բժիշկները հերթապահում էին երու օրը մեկ, 6-րդ կուրսի ուսանողներ էին, բոլորը շատ հոգատար էին, ամեն ինչ անում էին, որ լավ լինի»,պատմում է կինը։