ԲՀԿ-ն չկարողացավ անմասն մնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում արտախորհրդարանական հարթության մեջ․ Արփի Դավոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ընդդիմադիր լուրջ բևեռ կարող են ձևավորել այն մարդիկ, այն ուժերը, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել նախկին իշխանությունների հետ»,-անդրադառնալով խորհրդարանական և արտախորհրդարանական տիրույթում իշխող ուժի հրաժարականը պահանաջող ուժերին՝ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Նրա պնդմամբ՝ Կառավարության հրաժարականը պահանջող արտախորհրդարանական ուժերը բացառապես իշխանության գալու նկրտումներ ունեն, իսկ երկրի հետագա զարգացումը ընդհանրապես նշանակություն չունի նրանց համար, պատգամավորը պնդում է, որ այդ ուժերը նշվածը իրենց անցյալով բազմիցս ապացուցել են։
«Կորոնավիրոսի հետ կապված քննադատությունները ընդամենը պատրվակ են առաջին պլան գալու համար»,-պնդում է իշխանական պատգամավորը։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ևս տեղավորվեց այս օրակարգի մեջ և չկարողացավ անմասն մնալ այն ամենին, ինչ կատարվում է արտախորհրդարանական հարթության մեջ ․
«Ժամանակ էր իրենց պետք վերադասավորվելու համար, և իրենք մտան այն օրակարգի մեջ, որը իրենց հոգեհարազատ է»։
Դավոյանը պնդում է արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերին կապում է իշխանության գալու շահը, բայց նրանց հետաքրքիր չէ ՀՀ-ն կամ ՀՀ քաղաքացին։
Խոսելով համավարակի դեմ պայքարի Կառավարության քայլերի մասին, Դավոյանն ասում է՝ այդ քայլերը շատ վատ են լուսաբանվել, թեև չի բացառում նաև, որ եղել են բացթողումներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություններ։
Անդրադառնալով նաև ուժային գերատեսչությունների, ՊԵԿ-ի ղեկավարների փոփոխությանը և քննդատություններին, թե այս հարցում Կառավարությունը թափանցիկ չէ, պատգամավորը պնդում է, որ գործող Կառավարությունը երբևէ եղած ամենաթափանցիկ Կառավարությունն է, և այս փոփոխությունների ժամանակ էլ հստակ ասվել է՝ ինչի համար են այդ մարդիկ պաշտոնանկ եղել։