Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և ունենալու ենք․վարչապետ (տեսանյութ)

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց այնուամենայնիվ շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ենք ունենալու և ունենք»,-այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շեշտեց՝ այս հանգամանքը պետք է առավել զգոնացնի մեզ և մեծացնի հանրային պատասխանատվությունը կանոնները պահպանելու առումով։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ վերջին օրերին համաճարակային բռնկումներ լինում են հատկապես հուղարկավորությունների և հոգեհանգստի արարողությունների ժամանակ, շեշտեց, որ կարևոր է հատկապես այս արարողությունները իրականացնել պարետատան սահմանած կանոններին համապատասխան։

Հատուկ կարևորեց,  որ ամուսնության արարողությունները ևս չուղեկցվեն սահմանված կանոնների խախտմամբ։

Սուրբ Գրիիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, ով բուժում է կորոնավիրուսով ծանր հիվանդներին, վերջերս է վերադարձել Գերմանիայից, նա Գերմանիայի օրինակով կարևորեց հանրային բարձր պատասխանատվության հարցը։

Բժիշկը տեղեկացրեց, որ Հայաստանում մասնագետների անհրաժեշտության մասին իմանալուց հետո որոշում է կայացրել վերադառնալ Հայաստան և մասնակցել կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին։

«Այս հիվանդությունից ոչ ոք լիովին ապահովագրված չէ, անպայման պահպանեք սահմանված բոլոր հակահամաճարակային կանոնները»։

Հիվանդության դեմ պայքարում բժիշկը կարևորեց կանխարգելիչ միջոցառումները։

«Հուլիսի 18-ին որդիս կդառնա մեկ տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ կանոնների պահպանման հետևանքով համաճարակի զարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին»։

Այսօրվա ասուլիսին մասնակցում էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը առաջին օրվանից ողջ ծավալով միացել է պայքարին։

Ցոլակյանի խոսքով՝ 911 ծառայության միջոցով քաղաքացիները կարող են նաև հոգեբանական աջակցություն ստանալ։

Կրկնապատկվել է  ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը Առողջապահության նախարարության ծանրաբեռնվածությունը մեղմելու համար, -հայտնեց Ցոլակյանը։

ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է մեկուսացման վայրեր տեղափոխել մոտ 1000 վարակակրի։ Նախարարության աշխատակիցները կատարում են նաև օրական մոտ 1000 ախտահանում։

ԱԻՆ աշխատակիցներից վարակվել է 35 մարդ, նրանցից 20 արդեն բուժվել են, 82 ինքնամեկուսացված աշխատակից կա,-հայտնեց Ցոլակյանը։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց,  որ արտակարգ դրությունը կերակարաձգվի։

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների աշխատանքի ծանրաբեռնվածությանը և ապասարկմանը, վարչապետն ասաց՝ այս պարագայում ևս համաճարակը դիտարկում են  որպես հնարավորություն և պատրաստվում են պոլիկլինիկաներն ուժեղացնելու համար լուրջ ներդրոմներ անել։