Բացել լրահոսը Փակել լրահոսը
1017658
A A
Պաշտոնական

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման օրինագիծ

 Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունիսի 4-ին միաձայն ընդունել է հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի դասավանդման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին,  նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ամենասկզբից ներգրավելու համար։

Օրինագծի ընդունումից հետո Դանեյա Էսգարը «Թվիթեր»-ում գրել է. «Ես երբեք չէի լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին  պատմեց իմ հայ ընկերը: Նա չէր հասկանում, թե մենք ինչու երբեք չենք խոսում նրա ժողովրդի ցեղասպանության մասին: Մենք պետք է ավելի լավ բան անենք: Մեզ համար կարևոր է աշակերտներին այդ վայրագությունների մասին սովորեցնելը»:

Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը: